Միացյալ Նահանգների նախագահը հաստատում է՝ այս շաբաթավերջին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահին։ Ուկրաինական պատվիրակության որոշ ներկայացուցիչներ արդեն Վաշինգտոն են մեկնել՝ այդ թվում վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։
Դոնալդ Թրամփը երեկ հաստատեց Վլադիմիր Զելենսկու հետ մոտալուտ հանդիպումը՝ նախագահական ինքնաթիռում պատասխանելով լրագրողի հարցին. - «Կարծում եմ, այո»:
Թրամփն ու Զելենսկին վերջին օրերին երկու անգամ հեռախոսով են զրուցել, Ուկրաինայի նախագահն ավելի վաղ տեղեկացրել էր՝ ԱՄՆ նախագահի հետ հակաօդային պաշտպանությունն ամրացնելու ու Կիևին հեռահար զինատեսակներ տրամադրելու հարցերն են քննարկելու։
Փորձագետները կանխատեսում են, որ քննարկումների առանցքում ամերիկյան Tomahawk հեռահար հրթիռների մատակարարման հարցը կլինի: Սպիտակ տունը զգուշացնում է՝ եթե Մոսկվան խաղաղ կարգավորման չգնա, հրթիռներն Ուկրաինա կուղարկեն։
Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս տեղեկությունները, առաջարկել է սպասել Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքներին. - «Եկեք սպասենք, տեսնենք հայտարարություններն ու վերլուծենք դրանք»:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր՝ նախ ռուսական կողմի հետ պետք զրուցի. - «Ես թերևս պետք է խոսեմ Ռուսաստանի հետ Tomahawk հրթիռների մասին։ Արդյո՞ք ռուսներն ուզում են, որ Tomahawk-ները թռչեն իրենց ուղղությամբ։ Չեմ կարծում։ Այնպես որ, ես պետք է ազնվորեն խոսեմ ռուսների հետ այս թեմայով։ Ես դա ասել եմ նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որովհետև Tomahawk հրթիռների կիրառումը բռնությունը դուրս կբերի մի նոր մակարդակի»:
Կրեմլից, սակայն, նախագահների հնարավոր հեռախոսազրույցի պայմանավորվածության մասին տեղեկություններ այս պահին չեն հայտնում:
Ավելի քան տասն օր առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե Tomahawk հրթիռների մատակարարումը կսրի Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններն ու էսկալացիայի մակարդակն է'լ ավելի կբարձրացնի:
«Կվնասի՞ դա մեր հարաբերություններին ... Իհարկե, կվնասի ... Tomahawk-ների օգտագործումն առանց ամերիկացի զինվորների ուղիղ մասնակցության անհնար է։ Դա կնշանակի էսկալացիայի բոլորովին նոր, որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում», - ասել էր Վլադիմիր Պուտինը:
Մինչ կողմերը միմյանց զգուշացնող հայտարարություններ են անում, ռազմաճակատում զենքերը չեն լռում, Կիևը հաղորդում է՝ ռուսական ուժերը դարձյալ ուկրաինական ենթակառուցվածքներ են թիրախավորել , մի շարք բնակավայրեր առանց էլեկտարականության են մնացել, Խարկովում էլ հիվանդանոց է վնասվել, վեց մարդ տուժել է։
Երեկ էլ Կիևում էր Եվրամիության գլխավոր դիվանագետը, Կայա Կալլասը սոցցանցում այսօր տեղեկացրել է Ուկրաինայի 6․5 միլիոն եվրոյի տեխնիկական սարքավորումներ տրամադրելու մասին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր խլացնող համակարգեր, միկրոավտոբուսներ ու ամենագնացներ դժվարամատչելի վայրերի համար։
Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը նաև հայտնում է Ռուսաստանի ռազմական հանցագործությունները քննելու համար ստեղծված Հատուկ տրիբունալին 10 միլիոն եվրո հատկացնելու մասին։
Ուկրաինան ու Եվրոպական խորհուրդն ամիսներ առաջ պայմանավորվեցին այսպիսի տրիբունալ ստեղծել, հաղորդվում է, որ այն Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ քրեական հետպնդում իրականացնելու մանդատ կունենա։