Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար։
Թրամփն այսպիսով լրացնում է սկանդալային որոշումների ցանկը, որոնց հաստատումը Սենատում ցույց կտա ապագա նախագահին հանրապետականների հավատարմության աստիճանը, գրում է CNN-ը։
«Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարևոր աշխատանքն է», - գրել է Թրամփը X-ում՝ նշելով, որ բոլորը պետք է պաշտպանված լինեն վնասակար քիմիական նյութերից, դեղագործական և սննդային հավելումներից, որոնք հանգեցրել են առողջական ճգնաժամի։
Նա ամերիկացիներին հավաստիացրել է, որ Քենեդի կրտսերը կվերականգնի գիտական հետազոտությունների «Ոսկե ստանդարտի» ավանդույթը՝ «վերջ դնելով քրոնիկ հիվանդությունների համաճարակին՝ Ամերիկան կրկին հզոր և առողջ դարձնելու համար»:
CNN-ն, ինչպես նաև ամերիկյան և եվրոպական շատ լրատվամիջոցներ, նշում են, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը Covid-19-ի համաճարակի ժամանակ դեմ էր պատվաստումներին ու դրանց «անվտանգության և արդյունավետության մասին կեղծ տեսություններ էր տարածում»:
Հինգշաբթի օրն իր հայտարարությունում Քենեդի կրտսերը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ շեշտելով, որ հավատարիմ է Ամերիկան կրկին առողջ դարձնելու տեսլականին: Նա նաև ընդգծել է գերատեսչությունը «կոռուպցիայից» ազատելու կարևորությունը։
Ռոբերտ Քենեդի կրտսերը 70 տարեկան է, մինչև 2023-ն անդամակցել է Դեմոկրատական կուսակցությանը։ 2023-ին ԱՄՆ նախագահի անկախ թեկնածուն ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձն Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։