Միացյալ Նահանգների նախկին նախագահ, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ուրբաթ օրը ելույթ ունենալով Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում անցկացված հավատացյալների հավաքին, աջակցություն է հայտնել Իսրայելին և քննադատել դեմոկրատների հավանական թեկնածու Քամալա Հարիսին Կոնգրեսի երկու պալատների նիստից բացակայելու համար, որտեղ ելույթ էր ունենում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Նա չի սիրում հրեա ժողովրդին, նա չի սիրում Իսրայելը», - հայտարարել է Թրամփը։
Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ բոյկոտել էին Նեթանյահուի ելույթը, իսկ Քամալա Հարիսն ասել էր, որ ուղևորությունների պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին։
Թրամփն ուրբաթ օրը Ֆլորիդայի իր առանձնատանը ջերմորեն ընդունել էր Իսրայելի վարչապետին և նրա կնոջը։ Այդ հանդիպմանը Թրամփը պնդել է, թե ԱՄՆ-ը ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ։ «Եթե մենք հաղթենք, ամեն ինչ շատ հեշտ, ամեն ինչ շատ արագ կլինի, իսկ եթե ոչ, դա կարող է ավարտվել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմներով և հնարավոր է երրորդ համաշխարհային պատերազմով», - ասել է Թրամփը Նեթանյահուին։
Ավելի ուշ նրա նախընտրական շտաբը հանդիպման մասին հայտարարություն տարածեց, ուր ասվում է, որ Թրամփը խոստացել է Սպիտակ տուն վերադառնալու դեպքում բոլոր ջանքերը գործադրել՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու և պայքարելու ԱՄՆ-ի համալսարանական քաղաքներում հակասեմիտիզմի տարածման դեմ։