Մատչելիության հղումներ

Թրամփը պետական այցով Բրիտանիայում է. նրան ակցիայով են դիմավորել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանիա Թրամփին ողջունում են Մեծ Բրիտանիայի Ուելսի արքայազն Ուիլյամը և Ուելսի արքայադուստր Քեթրինը Վինձորի դղյակի տարածքում, 17-ը սեպտեմբերի, 2025 թ., պետական այցի շրջանակներում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանիա Թրամփին ողջունում են Մեծ Բրիտանիայի Ուելսի արքայազն Ուիլյամը և Ուելսի արքայադուստր Քեթրինը Վինձորի դղյակի տարածքում, 17-ը սեպտեմբերի, 2025 թ., պետական այցի շրջանակներում

Միացյալ Նահանգների նախագահը եռօրյա պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա: Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որը երկրորդ անգամ է նման այց կատարում Միացյալ Թագավորություն, ուր նախորդ անգամ եղել էր 2019-ին: Պատմական այս այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարին ուղեկցում են առաջին տիկինը, պետքարտուղարը և այլ պաշտոնյաներ:

Թրամփն ու Մելանիան գիշերել են Ուինֆիլդ Հաուսում՝ 1955-ից Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի կեցավայրում, որտեղ Թրամփը լրագրողներին ասել է, որ այսօր «կարևոր օր է լինելու»:

Այցից առաջ դեռ ԱՄՆ-ում Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի և թագավոր Չարլզի հետ, որի հետ ընկերներ են վաղուց: Թագավորական ընտանիքի հետ վաղուց հանդիպման սպասող Թրամփի օրակարգում է նաև մաքսատուրքերի հարցը՝ Մեծ Բրիտանիան ցանկանում է ավելի լավ պայմաններ:

«Պատրաստ եմ օգնել նրանց։ Մեր երկրի գործերը շատ լավ են։ Երբեք այսքան լավ չեն եղել։ Տրիլիոնավոր դոլարներ ենք ստանում մաքսատուրքերից, և նրանք ցանկանում են հասկանալ՝ կարո՞ղ են մի փոքր ավելի լավ գործարք կնքել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփն ապրիլին հավելյալ մաքսատուրքեր սահմանեց նաև դաշնակից Բրիտանիայի նկատմամբ: Հունիսին, սակայն, Լոնդոնն ու Վաշինգտոնը առևտրային գործարք կնքեցին, որը նվազեցրեց մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը: Համաձայնության չեկան միայն բրիտանական պողպատի ներմուծման շուրջ, որի մաքսատուրքը 25 տոկոս է:

Վինձորի ամրոցում, որն աշխարհի ամենահին և ամենամեծ բնակեցված ամրոցն է և գրեթե 1000 տարի բրիտանական միապետերի տունն է եղել, Սպիտակ տան ղեկավարին քիչ անց կընդունի Չարլզ III թագավորը։ Ընդունելությունը, ըստ մամուլի, պետական այցի համար երբևէ կազմակերպված ամենամեծը կդառնա: Վաղն էլ Չեքերսի իր կեցավայրում Թրամփին կընդունի վարչապետ Քիր Սթարմերը:

Ցույցեր այցին զուգահեռ


Հանդիսավոր ընդունելությունից բացի, Թրամփի այցն ուղեկցվում է նաև ցուցերով: Հարյուրավոր մարդիկ Վինձորում բողոքի ակցիա են արել՝ վանկարկելով՝ «Դոնալդ Թրամփն այստեղ ողջունելի չէ»։
Ցուցարարները նշում են՝ Թրամփի գործողություններն ու անգործությունը անկայունություն են առաջացնում աշխարհում՝ տապալելով աշխարհակարգը, որին մարդկությունը հարմարվել էր:

Ցուցարարներից մեկի խոսքով՝ Թրամփը Ռուսաստանի նախագահի ձեռքին խաղալիք է, Պաղեստինում պատերազմի հարցում աջակցում է Իսրայելին, նաև տուրք է տալիս ԱՄՆ-ում ծայրահեղ աջակողմյան ավտորիտար քաղաքականությանը:

«Նա շրջապատված է անգրագետ շողոքորթներով, որոնք նույնպես միայն իրենց փողի մասին են մտածում, նաև Ջեֆրի Էփշտեյնի սկանդալը: Դրանք բոլորն այս պահին շեղող գործոններ են», - ասել է ցուցարարը։

Ի նշան բողոքի՝ անհայտ անձինք Թրամփի և նրա երբեմնի մտերիմ, մանկապղծության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի լուսանկարն ու տեսանյութն են պրոյեկտորով ցուցադրել Վինձորի ամրոցի պատերին, որտեղ Թրամփին և Մելանիային այսօր պետք է ընդունի թագավոր Չարլզը։ Չորս մարդ է ձերբակալվել այս ակցիայի համար:

Ակտիվիստները նաև Թրամփին և Էփշտեյնին պատկերող հսկայական պաստառ են տեղադրել Վինձորի ամրոցի հարակից տարածքում։ Նրանց լուսանկարը տեսախցիկը ֆիքսել է նաև բեռնատարի վրա:

«Կանգնեցրեք Թրամփին» կոալիցիան, որը ներառում է ավելի քան 50 միություններ և բարեգործական կազմակերպություններ, հայտարարել է, որ այսօր իր հերթին ցույց կանի Թրամփի այցի դեմ։ Չնայած ԱՄՆ նախագահը չի այցելի խորհրդարան, որն այժմ արձակուրդում է, ցուցարարները ակցիա կանեն նաև խորհրդարանի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG