Իրանի դեմ պատերազմի 7-րդ օրը Իսրայելի բանակը հարվածել է իրանական մի քանի քաղաքի, այդ թվում՝ Թեհրանին՝ թիրախավորելով պետական ենթառուցվածքներ, հրթիռների արձակման հարթակներ, ռազմական ակադեմիան:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Շիրազում իսրայելա-ամերիկյան հարվածներից 20 մարդ է սպանվել, ևս 30-ը վիրավորվել է: Վիրավորներ կան նաև Լորեստան նահանգում:
Թեհրանի բնակիչները BBC-ի իրանական ծառայությանը պատմել են, որ անցած գիշեր աննախադեպ ուժեղ հարվածներ են եղել, որոնք շարունակվել են առավոտյան:
Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասել է 1332-ի, վնասվել է 3 հազար 600-ից ավելի բնակավայր, այդ թվում՝ 3 հազար 90 տուն, առևտրի և սպասարկման 528 կենտրոն, 14 բուժհաստատություն:
Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետն ասել է, որ պատերազմի սկզբնական փուլում գերազանցություն են հաստատել օդում և ոչնչացրել բալիստիկ հրթիռների կայանները: Հիմա էլ անցնում են հաջորդ փուլին:
«Մենք այժմ անցնում ենք ռազմարշավի հաջորդ փուլին, որի ընթացքում կուժեղացնենք ռեժիմի հիմքերին և նրա ռազմական կարողություններին հասցվող վնասը», - հայտարարել է Էյալ Զամիրը:
ԱՄՆ բանակն էլ հայտնել է, որ այս օրերին խորտակել է ավելի քան 30 իրանական նավ, իսկ Իրանի հրթիռային հարձակումները պատերազմի առաջին օրվա համեմատ նվազել են մոտ 90 տոկոսով:
Լիբանանում Իսրայելը հարվածել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի հրամանատարական կենտրոններին և զինապահեստներին, այդ թվում՝ Բեյրութի հարավում: Լիբանանի տվյալներով՝ առայսօր երկրում սպանվել է 123, վիրավորվել՝ 680-ից ավելի մարդ։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն էլ պնդել է, որ հարվածել է Իսրայելի ցամաքային ուժերին:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրթիռներով հարվածել է Իսրայելին: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրթիռները հարվածել են Բեն Գուրիոն օդանավակայանին։
Կատարում էլ իրանական զինուժը հարվածել է ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային՝ ամենախոշորը տարածաշրջանում: Իրանի արտգործնախարարը NBC News-ին ասել է, որ հարվածում են ոչ թե իրենց հարևաններին, այլ այդ երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին:
Շարունակվող պատերազմի պայմաններում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չեն պատրաստվում ցամաքային զորք ուղարկել Իրան: Դոնալդ Թրամփը Իրանի զինված ուժերին, ոստիկանությանն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կոչ է արել վայր դնել զենքերը և օգնել իրանցիներին՝ տապալելու այս կառավարությունը:
«Այսքան տարիներից հետո դուք հնարավորություն կունենաք վերադարձնել ձեր երկիրը: Մենք ձեզ անձեռնմխելիություն կտանք։ Դուք լիովին անվտանգ կլինեք, հակառակ դեպքում ձեզ սպասում է երաշխավորված մահ: Ես դա չեմ ուզում», - հայտարարել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը Reuters-ին էլ ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է դեր ունենալ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործում, ինչպես Վենեսուելայում։ Իսկ առաջնորդի պաշտոնում սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդու ընտրվելն անհավանական է համարել:
Չնայած Իրանի հայտարարություններին, որ չեն բանակցի, ԱՄՆ նախագահն ասել է, թե Թեհրանից իրեն խնդրել են բանակցել, սակայն մերժել է՝ ասելով, որ «մի փոքր ուշացել» են:
ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Իրանին հասցվող հարվածները կտրուկ կսաստկանան: Փիթ Հեգսեթը նշել է, թե Իրանը սխալվում է՝ կարծելով, որ ԱՄՆ-ն չի կարող շարունակել պատերազմը:
«Մեր զինապահեստները լի են, իսկ մեր կամքը՝ անսասան, ինչը նշանակում է, որ միայն մենք ենք վերահսկում մեր ժամանակացույցը: Եվ կարող ենք կռվել այնքան, որքան անհրաժեշտ է՝ ապահովելու, որ ԱՄՆ-ն հասնի իր նպատակներին», - վստահեցրել է Հեգսեթը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը պատասխանել է՝ Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի, և զգուշացրել է՝ շուտով առաջադեմ զինատեսակներ կկիրառեն, որոնք դեռ չեն կիրառվել:
«Իրանի նոր նախաձեռնություններն ու զենքերը ճանապարհին են: Այս տեխնոլոգիաները դեռևս մեծ մասշտաբներով չեն կիրառվել: Թշնամին պետք է ցավոտ հարվածների սպասի», - պնդել է Ալի Մոհամմադ Նաինին:
Նոր զինատեսակնեորվ սպառնալուն զուգահեռ, Իրանը դեռ փակ է պահում Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Նեղուցում միայն 52 ֆրանսիական նավ է արգելափակված: Ըստ Reuters-ի՝ նավթի խոշոր ներկրողներից Չինաստանը բանակցում է Իրանի հետ՝ իր նավերի անվտանգ անցումն ապահովելու համար:
Ծոցի երկրներում մի քանի ավիափոխադրողներ մասամբ վերականգնել են թռիչքները: Տարբեր երկրներ չարտերային թռիչքներով շարունակում են տարածաշրջանից դուրս բերել իրենց քաղաքացիներին: