Մատչելիության հղումներ

Թրամփը՝ Իրանի մասին. «Եվս մի քանի օր, և հուսով եմ՝ կկնքենք համաձայնագիր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի, կոլաժ

Միացյալ Նահանգների նախագահը հույս ունի, որ դեռ հնարավոր է Իրանի հետ համաձայնության հասնել երկրի միջուկային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրեց, որ երկրի վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը կարող է ավելի լայն հակամարտության հանգեցնել։

«Իհարկե նա այդպես պիտի ասեր։ Բայց Իրանին շատ մոտ են մեր նավերը, որոնք աշխարհի ամենամեծ, ամենահզոր նավերն են։ Եվս մի քանի օր, և հուսով եմ՝ կկնքենք համաձայնագիր։ Եթե չկնքենք, ապա կիմանանք՝ նա ճի՞շտ էր, թե՞ ոչ», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Մինչ այդ էլ Թրամփը հայտարարել էր, թե ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքների ֆոնին Իրանը «լրջորեն բանակցում է» ԱՄՆ-ի հետ: Նա ասել էր, որ եթե ստացվի համաձայնության հասնել, ապա լավ կլինի: «Նրանք պետք է գործարքի գնան, բայց չգիտեմ՝ կանե՞ն, թե՞ ոչ։ Բայց նրանք … լրջորեն բանակցում են մեզ հետ», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանն անմիջապես բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ և հրաժարվի միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում:

Իրանի գերագույն առաջնորդը մինչ այդ հայտարարել էր, որ պատերազմ սկսելու ԱՄՆ սպառնալիքները նոր չեն և Իրանին չեն վախեցնում: Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իրանը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա, ապա հավելել՝ եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, այս անգամ դա տարածաշրջանային պատերազմի կվերածվի։

«Իրանցիները չեն վախենում արդար բախումից։ Մենք չենք նախաձեռնողները և չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանական պետությունը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա և կհետապնդի իրեն», - ասել էր Խամենեին:

Իրանի արտգործնախարարն, իր հերթին, CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը չի ցանկանում պատերազմ, թեև լիովին պատրաստ է դրան, ընդ որում՝ շատ ավելի լավ, քան անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ:

Աբբաս Արաղչին նշել է, որ «որոշ տարրեր» ակնհայտորեն ցանկանում են Դոնալդ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ՝ իրենց շահերից ելնելով, ապա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը բավականին խելացի է, որպեսզի ճիշտ որոշում կայացնի:

Նրա խոսքով՝ Իրանը կորցրել է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ, որը 2018-ին միակողմանի դուրս եկավ միջուկային ծրագրի շուրջ գործարքից, իսկ անցած հունիսին էլ Իսրայելի հետ հարվածեց Իրանին այն դեպքում, երբ Թեհրանը ցանկանում էր բանակցել: Բանակցելու համար նաև պետք է վերականգնվի Իրանի վստահությունը, ասել է արտգործնախարարը:

«Մենք ամերիկացիների հետ բանակցելու լավ, դրական փորձառություն չունենք: Իմաստալից բանակցություններ սկսելու համար մենք պետք է հաղթահարենք այս անվստահությունը», - ընդգծել է Արաղչին:

Ըստ նախարարի՝ նոր բանակցություններ հնարավոր են, եթե ամերիկյան թիմը կատարի այն, ինչ Թրամփը գրել էր սոցցանցում՝ հասնել արդար և հավասար պայմաններով գործարքի: «Եթե այդպես է, վստահ եմ՝ կարող ենք համաձայնության հասնել», - ասել է նա։

Արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ այսօր հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու՝ դիվանագիտական տարբեր խողովակներով ընթացող գործընթացների մանրամասները և արդյունքներ է ակնկալում առաջիկա օրերին։

Ու մինչ Իրանում արդյունքների են սպասում, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության դիմաց երեկ հանրահավաք է անցկացվել՝ հաջակցություն Իրանի: Ցուցարարներն այրել են ԱՄՆ և Իսրայելի դրոշները, նաև Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պատկերներով պաստառները:


XS
SM
MD
LG