Մատչելիության հղումներ

Թրամփը հիասթափված է, որ Զելենսկին դեռ չի կարդացել ամերիկյան առաջարկները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե վստահ չէ, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ստորագրել խաղաղության ամերիկյան պլանը, թեև, նրա պնդմամբ, ուկրաինացիները համաձայն են Վաշինգտոնի առաջարկներին: Դոնալդ Թրամփն ասել է, թե հիասթափված է, որ Ուկրաինայի նախագահը դեռ չի կարդացել ամերիկյան առաջարկները:

«Մենք խոսել ենք նախագահ Պուտինի և Ուկրաինայի ղեկավարության հետ, այդ թվում՝ նախագահ Զելենսկիի հետ, և պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նա դեռ չի կարդացել արված առաջարկը», - հայտարարել է Թրամփը:

Ամերիկյան պլանը վերջին օրերին մի քանի անգամ փոփոխվել է, և նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչը չի կարդացել Զելենսկին:

Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունից հետո, սակայն, Ուկրաինայի գլխավոր բանագնացը հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ Ֆլորիդայում մի քանի օր աշխատել են ամերիկյան առաջարկների շուրջ: Ռուստեմ Ումերովն ասել է, որ այսօր Ուկրաինայի նախագահին կտրամադրեն ամերիկյան կողմի հետ երկխոսության բոլոր ասպեկտների և փաստաթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ «Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք», - սոցցանցում գրել է նա:

Մինչ այդ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ: Երեկոյան ուղերձում Զելենսկին ասել է, որ բանակցությունները կառուցողական էին, բայց ոչ հեշտ:

«Ամերիկյան ներկայացուցիչները գիտեն Ուկրաինայի հիմնական դիրքորոշումը: Զրույցը կառուցողական էր, թեև հեշտ չէր։ Մենք շարունակում ենք աշխատել», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին այսօր Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ քննարկելու ամերիկյան առաջարկները:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն, իր հերթին, հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու գործարքը «իսկապես մոտ է»: Քիթ Քելլոգի խոսքով՝ հակամարտության կարգավորման ջանքերը վերջին փուլում են, որը, ըստ նրա, ամենադժվարն է:

Քելլոգը մանրամասնել է, որ երկու չլուծված հիմնական հարցերը վերաբերում են տարածքներին՝ Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի, նաև Զապորոժիեի ատոմակայանի ապագային. - «Եթե մենք կարգավորենք այս երկու հարցերը, կարծում եմ՝ մնացած ամեն ինչ լավ կընթանա [...] Պարզապես պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները։ Բայց շատ, շատ մոտ ենք կարգավորմանը»։

Ու մինչ Վաշինգտոնը պնդում է, որ մոտ են խնդրի կարգավորմանը, Մոսկվան ողջունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում Ուկրաինայում պատերազմն ավարտելը «ԱՄՆ-ի հիմնական շահերից» մեկն է համարվում։

Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ դա մեծապես համապատասխանում է Ռուսաստանի պատկերացումներին և հնարավորություն կտա շարունակել ուկրաինական հակամարտությունը կարգավորելու աշխատանքները:

«Եվ թերևս կարելի է հուսալ, որ սա կարող է համեստ երաշխիք լինել, որ ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կառուցողական համատեղ աշխատանքը կարող է շարունակվել, առնվազն՝ Ուկրաինայի հարցով», - նշել է Պեսկովը:

Այս ֆոնին Արևմուտքը շարունակում է ուղիներ փնտրել՝ մեծացնելու Ռուսաստանի վրա ճնշումը: Reuters-ի տեղեկություններով՝ Մեծ յոթնյակի և Եվրամիության երկրները մտադիր են լիովին արգելել ծովում տրանսպորտային ծառայությունների մատուցումը Ռուսաստանին, որպեսզի կրճատեն Մոսկվայի նավթային եկամուտները, որն իր նավթի մեկ երրորդը տեղափոխում է տանկերներով՝ օգտվելով հիմնականում արևմտյան երկրների ծառայություններից:

Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները: Խարկովում ռուսական հարվածներից զոհվել է երեք, վիրավորվել՝ 10 մարդ: Դնեպրոպետրովսկում զոհվել է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ, ևս մեկ վիրավոր կա Սլավյանսկում, Զապորոժիեում կա երեք վիրավոր: Սումիում ռուսական անօդաչուն հարվածել է բազմաբնակարան շենքի, կա յոթ վիրավոր:

Ըստ ուկրաինական Deep State նախագծի՝ ռուսական զորքն առաջ է շարժվել Դոնեցկի մարզի Միրնոգրադ քաղաքի ուղղությամբ:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանին: Բելգորոդում անօդաչուի հարվածից երեք մարդ է վիրավորվել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG