Վաշինգտոնը պատրաստ է մաքսատուրքեր սահմանել «Պուտինի նավթի վրա», եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը, ըստ Bloomberg-ի, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ուզում եմ համոզված լինել, որ նա գործը կհասցնի ավարտին, և կարծում եմ, որ նա դա կանի։ Ես չեմ ուզում երկրորդական մաքսատուրքեր սահմանել նրա նավթի վրա, բայց կարծում եմ՝ գիտեք՝ ես դա կանեի, եթե մտածեի, որ նա իր գործը չի անում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իսկապես պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի վրա։
«Ես ցանկանում եմ, որ նա գործարք կնքի, որպեսզի դադարեցվեն ռուս զինվորների, ուկրաինացի զինվորների և այլ մարդկանց սպանությունները»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը NBC News-ին ասել էր, որ «շատ զայրացել է», Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու առաջարկից։ ԱՄՆ նախագահն ասել էր, որ պատրաստ է 25 տոկոսի չափով երկրորդական տուրքեր սահմանել ռուսական նավթի արտահանման վրա, եթե Մոսկվայի պատճառով տապալվի Ուկրաինայում հրադադարի պայմանագիրը։