ԱՄՆ նախագահը կարծում է, որ Գաղտնի ծառայությունը «գերազանց աշխատանք» է արել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին հնչած կրակոցների ժամանակ իրեն և մյուս պաշտոնյաներին պաշտպանելով: Այդուհանդերձ, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն այս շաբաթ հանդիպում կհրավիրի՝ «խոշոր միջոցառումների համար նախատեսված արարողակարգը և գործելակերպը քննարկելու» համար, BBC-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
Հանդիպմանը կուսումնասիրվեն նաև լրացուցիչ տարբերակներ՝ ապահովելու, որ նախագահի մասնակցությամբ առաջիկա բազմաթիվ խոշոր միջոցառումները սահուն անցնեն:
Washington Hilton հյուրանոցի միջանցքում հնչած կրակոցները բազմաթիվ հարցեր են առաջացրել այն մասին, թե արդյոք անվտանգությունը պատշաճ էր կազմակերպված: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կասկածյալը վազելով անցնում անվտանգության աշխատակիցների անցակետը: Ապա նա կրակոցներ է արձակել, որոնցից մեկը դիպել է անվտանգության աշխատակիցներից մեկի զրահաբաճկոնին: Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում:
Այնուհետև արդեն ընթրիքի սրահում, որտեղ 2000-ից ավելի մարդ էր ներկա, իրարանցում է սկսվել, անվտանգությունն սկսել է արագ տարհանել պաշտոնյաներին:
31-ամյա կասկածյալը ձերբակալվել է տեղում: Նրան մեղադրանք կառաջադրվի այսօր ավելի ուշ՝ դաշնային սպայի վրա հարձակման և բռնի հանցագործության ժամանակ հրազեն օգտագործելու համար:
Այլ մեղադրանքներ ևս կլինեն, ասել է Կոլումբիայի օկրուգի դատախազ Ժանին Պիրրոն. «Վստահաբար այս շատ փոփոխական իրավիճակում մեզ տրամադրվող տեղեկությունների հիման վրա շատ ավելի շատ մեղադրանքներ կառաջադրվեն»։
Մինչ այդ Դոնալդ Թրամփն ասել էր, որ կրակոցներն իրեն չեն անհանգստացրել, թեև հրաձիգը իր ընտանիքին ուղարկած մանիֆեստում նշել է՝ թիրախում եղել են նախագահը և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Ես մտահոգված չէի: Ես հասկանում եմ կյանքը։ Մենք ապրում ենք խելագար աշխարհում»,- CBS News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը:
Հարցին, թե ինչպես է ստացվել, որ Գաղտնի ծառայությունը սրահից առաջինը տարհանել է փոխնախագահին, ոչ թե իրեն, Թրամփը պատասխանել է, որ ինքն է ընդդիմացել, քանզի ցանկանում էր հասկանալ, թե ինչ է կատարվում: «Եվ այդ ժամանակ սկսեցինք գիտակցել, որ դա, թերևս, լուրջ է»,- պատմել է նա։
CBS News-ի լրագրողը Թրամփին խնդրել է մեկնաբանել Քոուլ Թոմաս Ալենի մանիֆեստի այն հատվածը, որում կասկածյալը նշում է, թե այլևս չի պատրաստվում թույլ տալ, որ «մանկապիղծը, բռնարարը և դավաճանը իմ ձեռքերը կեղտոտեն իրենց հանցանքներով»՝ ըստ էության, հղում անելով սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ԱՄՆ նախագահի ենթադրյալ կապերին: Ի պատասխան Թրամփը զայրացել է և ամոթանք տվել լրագրողին:
«Ես սպասում էի, որ կարդաք դա, քանզի գիտեի, որ կկարդաք, որովհետև դուք... սարսափելի մարդիկ եք։ Այո, նա գրել է դա: Ես բռնարար չեմ, ես ոչ մեկին չեմ բռնաբարել: Ես մանկապիղծ չեմ: Դուք պետք է ինքներդ ձեզնից ամաչեք դա կարդալու համար, քանզի ես դրանցից ոչ մեկը չեմ», - ասել է նա:
Ու մինչ Սպիտակ տունը մտադիր է խստացնել նախագահի անվտանգությունը, լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում կասկածյալի մասին: Քոուլ Թոմաս Ալենը սովորել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, մեխանիկական ինժեներ է, խաղերի մշակող և ուսուցիչ: 2024-ի դեկտեմբերին նա ճանաչվել է ամսվա ուսուցիչ: 2025-ին էլ Կալիֆոռնիայի պետական համալսարանից համակարգչային գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել:
Թրամփը Fox News-ին ասել է, որ կասկածյալը լի է եղել ատելությամբ և «խիստ հակաքրիստոնեական» հայացքներ է ունեցել, ընտանիքն էլ իմացել է այդ մասին: Թեև Ալենին ճանաչողները BBC-ին պատմել են՝ նա «բարձր ինտելեկտ» ունի, «բավականին ներգրավված էր» եկեղեցական կյանքում և «շատ լուրջ» է վերաբերվում իր հավատքին։
Կասկածյալը նաև ակտիվ է եղել սոցցանցերում: Bluesky-ում այս ապրիլին գրել է, որ Թրամփը «չարագործ» և «հուսահատ մարդ» է։ Նաև տարածել է տեսանյութ, որում փոխնախագահն ասում է, թե Ուկրաինային տրամադրվող ռազմական ֆինանսավորման դադարեցումն իր ամենամեծ նվաճումներից մեկն է, և հայհոյել Ջեյ Դի Վենսին:
Սա Թրամփի դեմ, թերևս, երրորդ մահափորձն է: Նախորդը տեղի էր ունեցել 2025-ի սեպտեմբերին Ֆլորիդայում Թրամփի գոլֆի ակումբում:
Զինված տղամարդը մոտեցել էր գոլֆի դաշտին, սակայն Գաղտնի ծառայությունը նկատել էր ու սպանել նրան: 2024-ի հուլիսին էլ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ տղամարդը մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ: Գնդակներից մեկը թեթև քերծել էր այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի աջ ականջը:
Աշխարհի մի շարք առաջնորդներ դատապարտել են միջադեպը և աջակցություն հայտնել Թրամփին: