Մատչելիության հղումներ

Թրամփը չեղարկեց Պուտինի հետ հանդիպումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, Վաշինգտոն, 22-ը հոկտեմբերի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, Վաշինգտոն, 22-ը հոկտեմբերի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը չեղարկել է Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված հանդիպումը, մինչ Վաշինգտոնը մեծացնում է Մոսկվայի վրա ճնշումը, իսկ Ռուսաստանը միջուկային ուժերի մասնակցությամբ խոշոր վարժանքներ է անցկացնում:

Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե վստահ չէր, որ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության կգային Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ: Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո նա նաև ասել է՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ ապագայում:

«Մենք չեղարկեցինք նախագահ Պուտինի հետ հանդիպումը։ Պարզապես կարծում էի, որ դա ճիշտ չի լինի, որ մենք չենք կարող հասնել այն ամենին, ինչ մեզ անհրաժեշտ է, ուստի ես չեղարկեցի այն», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև անդրադարձել է Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրելու հարցին, որոնցով Կիևը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին: Ըստ նրա՝ դրանց շահագործմանը տիրապետելու համար սովորաբար մեկ տարի է հարկավոր, և հիմա միակ տարբերակն այն է, որ ԱՄՆ-ն դրանք արձակի: «Իսկ մենք դա երբեք չենք անի»,- ասել է նա և հերքել, թե Վաշինգտոնը Կիևին թույլ է տվել արևմտյան արտադրության մեծ հեռահարության հրթիռներով հարվածել Ռուսաստանին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել են, թե ինչպես կարող է ռազմական դաշինքն աջակցել պատերազմը դադարեցնելու Թրամփի տեսլականին, որպեսզի Պուտինը համաձայնի, և սառեցվի առաջնագիծը: Մարկ Ռյուտեի համոզմամբ՝ Թրամփը միակ մարդն է, որը կարող է կարգավորել այս հակամարտությունը:

«Ես լիովին աջակցում եմ նրան, և տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել [...] Եվ ես այստեղ եմ նրան ասելու՝ այո՛, մենք ուզում ենք աջակցել ձեզ։ Ուզում ենք, որ դա իրականություն դառնա», - նշել է Ռյուտեն:

Վաշինգտոնը, սակայն, չի փակում երկխոսության պատուհանը և ցանկանում է շարունակել շփումը Մոսկվայի հետ ու միշտ հետաքրքրված կլինի համագործակցությամբ, եթե դա խաղաղության հասնելու հնարավորություն լինի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ կշարունակի ռուս պաշտոնակցի հետ շփումը: ԱՄՆ նախագահը քանիցս զգուշացրել է, որ հետևանքներ կլինեն, եթե առաջընթաց չլինի, հիշեցրել է Մարկո Ռուբիոն:

«Կարծում եմ՝ նախագահը մի քանի ամիս շարունակ բազմիցս ասել է, որ ինչ-որ պահի ստիպված կլինի ինչ-որ բան անել, եթե առաջընթաց չգրանցենք խաղաղության համաձայնագրի հարցում։ Այսօր այդ օրն էր, երբ նա որոշեց ինչ-որ բան անել», - ընդգծել է պետքարտուղարը:

Պուտինի հետ հանդիպման չեղարկման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային երկու խոշոր ընկերության՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ֆինանսավորում են Կրեմլի ռազմական մեքենան:

ԱՄՆ նախագահն ասել է, որ վաղուց էր հասունացել պահը, ապա հույս է հայտնել, որ դա կնպաստի, որպեսզի Պուտինն ավելի սթափ դատի, ինչի շնորհիվ պատերազմը շուտ կկարգավորվի, պատժամիջոցներն էլ շուտ կվերացվեն:

Մոսկվան ևս բաց է շփումների համար, սակայն պատժամիջոցները խիստ հակաարդյունավետ են և չեն նպաստում խաղաղության հաստատմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը: Ըստ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանի նպատակներն Ուկրաինայում չեն փոխվել:

«Մենք այս քայլը համարում ենք չափազանց հակաարդյունավետ։ Այն վատ ազդակ է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում էական առաջընթացի հասնելու առումով», - պնդել է Զախարովան:

Եվրամիությունն, իր հերթին, այսօր հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը: Դրա համաձայն՝ կարգելվի մինչև 2027-ը Ռուսաստանից հեղուկ բնական գազ ներմուծել, սև ցուցակում կներառվեն ստվերային նավատորմի նոր նավթատարներ, կթիրախավորվեն բանկերը, կսահմանափակվեն ռուս դիվանագետների ուղևորությունները Եվրոպա:

Ուկրաինայի նախագահը ողջունել է թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ պատժամիջոցները: Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ 19-րդ փաթեթի վերաբերյալ որոշումը շատ կարևոր է:

«Բայց ամերիկյան պատժամիջոցները ևս շատ կարևոր են։ Սա լավ ազդակ է մյուս երկրների համար՝ միանալու պատժամիջոցներին … Պետք է շարունակել պատժամիջոցները, մինչև Պուտինը դադարեցնի այս պատերազմը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Բրյուսելում այսօր անցկացվում է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը, որի օրակարգում են նաև պաշտպանական հարցեր, ուկրաինական խնդիրը, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, այդ թվում՝ սառեցված միջոցները, որից 140 մլրդ եվրոն պահվում է Բելգիայում: Հենց այս գումարն է Եվրամիությունը մտադիր օգտագործել Ուկրաինային վարկ տրամադրելու համար, ինչին Բելգիան չի համաձայնում:

Բելգիայի վարչապետն ասել է՝ կհամաձայնի, եթե հնարավոր ռիսկերը կիսեն նաև մյուս անդամները, նաև երաշխիքներ տրվեն, որ մենակ չեն մնա, եթե գումարը վերադարձնելու հարց առաջանա հետագայում:

«Մենք ցանկանում ենք երաշխիքներ, որ եթե գումարը պետք լինի վերադարձնել, յուրաքանչյուր անդամ պետություն կմասնակցի։ Հետևանքները չեն կարող միայն Բելգիայի համար լինել», - ընդգծել է Բարտ դը Վևերը:

Գերմանիայի կանցլերն ասել է, որ Բելգիայի վարչապետի հետ քանիցս քննարկել է այս ակտիվների օգտագործման հարցը, և վստահություն է հայտնել, որ առաջընթաց կգրանցեն:

«Ես կիսում եմ նրա մտահոգությունները, բայց նա շահագրգռված է, որ համատեղ լուծում գտնվի: Հետևաբար, ակնկալում եմ, որ այսօր առաջընթաց կգրանցենք», - նշել է Ֆրիդրիխ Մերցը:

Մարիա Զախարովան զգուշացրել է՝ ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու ցանկացած նախաձեռնություն ցավոտ արձագանքի կարժանանա:

Ու մինչ Արևմուտքը մեծացնում է ճնշումը, Ռուսաստանը երեկ ռազմավարական միջուկային ուժերի մասնակցությամբ զորավարժություններ է անցկացրել: Փորձարկվել են միջմայրցամաքային բալիստիկ և թևավոր հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ:

Ռուսական զորքը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Կիևին, կա ինը վիրավոր: Հարձակման են ենթարկվել նաև Սումին և այլ շրջաններ: Ռուսական անօդաչուի հարվածից Կրամատորսկում ուկրաինացի երկու լրագրող է սպանվել:

Կողմերն այսօր դիերի փոխանակում են արել, Ռուսաստանը փոխանցել է 1000, Ուկրաինան՝ 31 դի:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռյազանի նավթավերամշակման գործարանին, Բրյանսկում կա մեկ զոհ:

Կուպյանսկում թեժ մարտեր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG