ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկուկես ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և իր օգնությունն է առաջարկել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու հարցում, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովի խոսքով՝ Թրամփն առաջարկն արել է նախօրեին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում՝ հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության համատեքստում։
«Ամերիկայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու մարտական գործողություններն արագորեն դադարեցնելու, ինչպես նաև ճգնաժամի հաղթահարման համար լուծումներ գտնելու ուղղությամբ», - տեղեկացրել է Ուշակովը։
Քննարկումը «գործնական և բավականին կառուցողական» որակելով՝ Ուշակովը նշել է, որ Մոսկվան «ձգտում է քաղաքական և դիվանագիտական լուծում գտնել հակամարտությանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հիմնարար մոտեցումը»։
Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկացած լուծում պետք է ներառի Մոսկվայի կողմից Ուկրաինայի Դոնբաս շրջանի նկատմամբ լիակատար վերահսկողության ստանձնումը։
Ուկրաինան հերքում է այս պնդումը, և Զելենսկին անցյալ ամիս Պուտինին կոչ արեց առանձին հանդիպել իր հետ, սակայն Կրեմլի առաջնորդը հրաժարվեց։
Պուտինի օգնականի փոխանցմամբ՝ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կշարունակեն ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, և նրանք պատրաստ են կրկին Մոսկվա այցելել։
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին միտված ամերիկյան դիվանագիտական ջանքերը գրեթե ամբողջությամբ կանգ առան Իրանի պատերազմի մեկնարկից հետո։
Անդրադառնալով ԱՄՆ-Իրան հակամարտությանը՝ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ամերիկյան դիվանագիտական ջանքերը «թույլ կտան փոխադարձաբար ընդունելի երկարաժամկետ լուծումներ գտնել կարգավորման առանցքային հարցերի շուրջ»։
Պուտինը վերահաստատել է Մոսկվա այցելելու՝ ԱՄՆ նախագահին ուղղված հրավերը։ Միացյալ Նահանգների հիմնադրման 250 ամյակի կապակցությամբ նա նաև շնորհավորական ուղերձ էր հղել Թրամփին։