ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուկրաինական ատոմակայանների տնօրինումն ԱՄՆ-ին փոխանցելու առաջարկել է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թրամփի կարծիքով՝ սա Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների լավագույն պաշտպանությունը կլինի։
ԱՄՆ նախագահը՝ վկայակոչելով էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում Վաշինգտոնի փորձը, Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է «շատ օգտակար լինել այս կայանների գործարկման հարցում»։
Ըստ Լևիտի՝ այս առաջարկը հնչել է մարտի 19-ին՝ Թրամփ-Զելենսկի շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում։
Ուկրաինական կողմն իր հայտարարություններում նման առաջարկի մասին չի նշել։ Թրամփը «շատ լավ», Զելենսկին «դրական, շատ բովանդակալից և անկեղծ» են որակել հեռախոսազրույցը։
Երեքշաբթի օրն էլ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ Պուտինը համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Կողմերը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին։
Հեռախոսազրույցից ժամեր անց, սակայն, Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել են էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու պայմանավորվածությունը խախտելու մեջ: