ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մոտ մեկ ժամ տևած հեռախոսազրույցը Թրամփը «շատ լավ» է որակել։
ԱՄՆ նախագահը Truth-ում գրել է, որ քննարկման հիմքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի վաղ կայացած զրույցն էր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համակարգելու նպատակով:
«Մենք ճիշտ ուղու վրա ենք, և ես կխնդրեմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին ճշգրիտ ներկայացնել քննարկվող կետերը։ Այս հայտարարությունը մոտ ապագայում կհրապարակվի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Զելենսկին, իր հերթին, Թրամփի հետ զրույցն անվանել է «դրական, շատ բովանդակալից և անկեղծ»։
Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի նախագահին՝ Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների համատեղ արդյունավետ աշխատաքի մեկնարկի համար՝ նշելով, որ մարտի 11-ի այդ հանդիպումը ակնհայտ օգնեց ընթանալու դեպի պատերազմի ավարտը։
«Մենք պայմանավորվեցինք, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը՝ հասնելու իրական կայուն խաղաղության։ Մենք հավատում ենք, որ Ամերիկայի, նախագահ Թրամփի և ամերիկյան անմիջական ղեկավարությամբ այս տարի կարելի է հասնել կայուն խաղաղության»,- X-ում գրել է Զելենսկին։
Երեքշաբթի օրն էլ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ Պուտինը համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Կողմերը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին։
Հեռախոսազրույցից ժամեր անց, սակայն, Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել են էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու պայմանավորվածությունը խախտելու մեջ: