Ալյասկայի Անքորիջ քաղաքում երեկ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Շուրջ երեք ժամ բանակցելուց հետո Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ համաձայնել են, որոշները դեռ պետք է քննարկվեն, իսկ գլխավոր հարցի՝ Ուկրաինայում հրադադարի շուրջ փաստացի համաձայնության չեն եկել:
Ալյասկա առաջնորդները ժամանեցին մի քանի րոպե տարբերությամբ, միաժամանակ իջան իրարից մի քանի հարյուր մետր հեռու կայանված օդանավերից, Պուտինը կարմիր գորգի վրա քայլելով մոտեցավ ամերիկացի պաշտոնակցին և ողջունեց նրան:
Թեև Պուտինի զրահապատ մեքենան այնտեղ էր, նա նստեց Թրամփի նախագահական լիմուզինը, և միասին ուղևորվեցին բանակցությունների վայր:
Չնայած նախապես հայտարարվել էր, որ նախագահները կբանակցեն դեմ առ դեմ, նրանց միացան ԱՄՆ պետքարտուղարը, Թրամփի հատուկ բանագնացը, Պուտինի օգնականն ու Ռուսաստանի արտգործնախարարը:
Բանակցություններին հաջորդած ասուլիսին Թրամփը հայտարարեց՝ շատ արդյունավետ հանդիպում էր, շատ հարցերի շուրջ համաձայնեցին, իսկ որոշների դեպքում՝ ոչ, սակայն ընդհանուր առմամբ առաջընթաց են գրանցել:
«Բայց մենք չափազանց արդյունավետ հանդիպում ունեցանք, և շատ կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, մնացել են միայն շատ քիչ կետեր։ Դրանց մի մասն այդքան էլ կարևոր չէ։ Մեկը, թերևս, ամենակարևորն է, բայց շատ լավ հնարավորություն ունենք դրա շուրջ համաձայնության հասնելու», - նշել է Թրամփը։
Ռուսաստանի նախագահն էլ հույս հայտնեց, որ հանդիպումը կդառնա ելակետ ոչ միայն ուկրաինական խնդրի լուծման համար, այլև կնշանավորի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գործնական հարաբերությունների վերականգնման սկիզբը։
Վլադիմիր Պուտինը նշեց՝ որքան էլ տարօրինակ թվա, ուկրաինացիները ռուսների համար եղբայրական ժողովուրդ են, և այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար, սակայն դա կշարունակվի, քանի դեռ Ռուսաստանի ազգային անվտանգությանը վտանգներ են սպառնում:
«Միևնույն ժամանակ, համոզված ենք՝ որպեսզի ուկրաինական խնդրի կարգավորումը լինի կայուն և տևական, պետք է վերացնել ճգնաժամի բոլոր հիմնապատճառները... հաշվի առնել Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները, և Եվրոպայում և ամբողջ աշխարհում վերականգնել արդար հավասարակշռությունը անվտանգության ոլորտում», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Վերջում Պուտինը Թրամփին հրավիրեց հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Սպիտակ տան ղեկավարը, սակայն չհստակեցրեց՝ ընդունո՞ւմ է հրավերը, թե՞ ոչ:
Ասուլիսից հետո առաջնորդները հարցերի չպատասխանեցին և լքեցին մամուլի սրահը: Նախքան Ալյասկայից մեկնելը Պուտինը ծաղիկներ է խոնարհել այնտեղ թաղված խորհրդային օդաչուների գերեզմաններին:
Fox News-ի հետ զրույցում Թրամփն ասել է, որ ռուսներն իրեն են փոխանցել 1000 գերիների անուններ, որոնց Ուկրաինան ստիպված կլինի ազատել: Reuters-ի փոխանցմամբ, Թրամփն անձամբ է Պուտինին փոխանցել ԱՄՆ առաջին տիկնոջ նամակը, որում բարձրացվում է պատերազմի ժամանակ առևանգված երեխաների հարցը:
Թրամփը Զելենսկիին երկուշաբթի հրավիրել է Վաշինգտոն
Ըստ Սպիտակ տան՝ բանակցություններից հետո Թրամփը խոսել է Ուկրաինայի նախագահի, ապա նաև ՆԱՏՕ-ի ղեկավարի և եվրոպացի առաջնորդների հետ, ներկայացրել, թե ինչ են քննարկել Պուտինի հետ:
Ըստ Axios-ի՝ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար և նախընտրում է պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագիր: Ավելի ուշ էլ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, քանի որ «Ռուսաստանը շատ մեծ տերություն է, իսկ Ուկրաինան՝ ոչ»:
Ըստ Reuters-ի՝ Թրամփը եվրոպացիների հետ նաև քննարկել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցը ՆԱՏՕ-ի շրջանակից դուրս, սակայն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման, այսինքն, երբ անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում ողջ դաշինքի վրա:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ Զելենսկիին երկուշաբթի հրավիրել է Վաշինգտոն ու եթե հանդիպումը լավ անցնի, հաջորդը կպլանավորեն Պուտինի հետ: Վլադիմիր Զելենսկին կողմ է արտահայտվել առաջարկին և ընդգծել՝ գլխավոր հարցերը կարող են քննարկվել միայն առաջնորդների մակարդակով:
«Նախագահ Թրամփի հետ զրույցում ես ասացի, որ պետք է խստացվեն պատժամիջոցները, եթե եռակողմ հանդիպում չլինի կամ եթե Ռուսաստանը խուսափի պատերազմը արդարացիորեն ավարտելուց», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է՝ ռուս-ամերիկյան շփումների ժամանակ եռակողմ հանդիպման հարցը չի բարձրացվել:
Եվրոպական երկրների առաջնորդներն էլ Թրամփի հետ զրույցից հետո խոստացել են շարունակել աջակցությունն Ուկրաինային՝ նշելով, որ հաջորդ քայլը պետք է լինի եռակողմ հանդիպումը: Ուկրաինան պետք է անվտանգության հուսալի երաշխիքներ ստանա և կարողանա արդյունավետ պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ իր տարածքների հետ կապված որոշումները պետք է հենց Ուկրաինան կայացնի, ասվում է համատեղ հայտարարությունում, նաև շեշտվում՝ Ռուսաստանը չի կարող խոչընդոտել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը:
«Քանի դեռ Ուկրաինայում սպանությունները շարունակվում են, մենք պատրաստ ենք պահպանել Ռուսաստանի վրա ճնշումը։ Մենք կշարունակենք խստացնել պատժամիջոցները և ավելի լայն տնտեսական միջոցառումները... մինչև արդար և երկարատև խաղաղություն հաստատվի», - նշված է հայտարարությունում։
Թե՛ բանակցությունների ընթացքում, թե՛ դրանից հետո կողմերը շարունակել են հարվածել միմյանց: Ռուսաստանը նաև կիրառել է «Իսկանդեր» տեսակի բալիստիկ հրթիռ: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում: