ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից, հայտնում է Reuters-ը։
Թրամփը սպառնացել է՝ Զելենսկին «մեծ խնդիրներ» կունենա, եթե դուրս գա գործարքից։
«Նա փորձում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից և եթե դուրս գա, խնդիրներ կունենա՝ մեծ-մեծ խնդիրներ», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Financial Times-ը և Bloomberg-ը ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային համաձայնագրի նախագծի մանրամասներ էին հրապարակել։
Bloomberg-ը նշել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է վերահսկել բոլոր ապագա ներդրումները Ուկրաինայի ենթակառուցվածքներում և հանքային ռեսուրսներում, և եթե համաձայնագիրը ստորագրվի, ԱՄՆ-ն հսկայական լիազորություններ կստանա՝ վերահսկելու ներդրումները ճանապարհների, երկաթուղու, նավահանգիստների, հանքերի, նավթի, գազի և կարևոր օգտակար հանածոների արդյունահանման նախագծերում:
Զելենսկին էլ հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկեր, որոնք պետք է վերադարձվեն, իսկ ավելի վաղ էլ Ուկրաինայի նախագահն ասել էր, թե ԱՄՆ-ը շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները: