ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է դեսպանատներին դադարեցնել նոր ժամանակացույցեր սահմանել ուսանողական և փոխանակման ծրագրերի վիզաների դիմորդների համար, հայտնում է Reuters-ը: Պետդեպարտամենտը պատրաստվում է ընդլայնել օտարերկրյա ուսանողների սոցիալական ցանցերի ստուգման գործընթացը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրության մեջ, որին ծանոթացել է գործակալությունը, նշել է, որ բաժինը մտադիր է նոր ուղեցույց հրապարակել սոցիալական մեդիայի ստուգման վերաբերյալ ուսանողական և փոխանակման վիզաների դիմորդների համար՝ վերանայման ավարտից հետո, և խորհուրդ է տվել հյուպատոսական բաժիններին ժամանակավորապես դադարեցնել այդ վիզաների նոր ընդունման ժամադրությունների սահմանումը։
Այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը փորձում է խստացնել արտաքսման քաղաքականությունը և չեղարկել ուսանողական վիզաները՝ իր կոշտ ներգաղթի օրակարգը կյանքի կոչելու շրջանակում։
Մի քանի հարյուր ցուցարարներ, այդ թվում՝ Հարվարդի համալսարանի ուսանողներ և պրոֆեսորներ, երեքշաբթի օրը բողոքի ցույց են անցկացրել Հարվարդի համալսարանում՝ օտարերկրյա ուսանողների աջակցությամբ, ինչպես նաև վարչակազմի՝ համալսարանի ֆինանսավորումը դադարեցնելու փորձերի դեմ։