ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին զարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու նրա կարողությունը:
«Գիտեք, թե ինչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը։ Մենք երկար ժամանակ փորձում ենք լուծել այն»», - պատմել է Թրամփը ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային համաժողովում։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ինքը Ռուսաստանի առաջնորդին կոչ է արել չանհանգստանալ. «Ասացի՝ թողեք ես լուծեմ այս պատերազմը։ Ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք ձեր պատերազմում»։
Թրամփը նախկինում մի քանի անգամ շեշտել է իր ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:
Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ևս նա անդրադարձել էր ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին, ինչպես նաև «Թրամփի ուղուն», որը Նախիջևանը պետք է Հայաստանի տարածքով կապի Ադրբեջանին:
«Այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր «Թրամփի ուղու» կառուցումը։ Այն իսկապես հրաշալի նախագիծ է, նրանք դա իմ անունով են կոչել, գնահատում եմ դա, իրականում մեծ գործ է», – հայտարարել էր Թրամփը։