Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին միանգամից երեք ընտրություններում


ԱՄՆ - Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթած Զոհրան Մամդանին, Նյու Յորք, 4-ը նոյեմբերի, 2025թ.
ԱՄՆ - Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթած Զոհրան Մամդանին, Նյու Յորք, 4-ը նոյեմբերի, 2025թ.

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության թեկնածուներն առաջին խոշոր հաղթանակն են տարել միանգամից երեք մրցապայքարում՝ դժվար իրավիճակում գտնվող կուսակցությանը հնարավորություն տալով ամրապնդել դիրքերը հաջորդ տարի կայանալիք Կոնգրեսի ընտրություններից առաջ, որտեղ հիմա մեծամասնություն են հանրապետականները։

Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է նախկինում հանրությանը քիչ հայտնի 34-ամյա դեմոկրատ, սոցիալիստ Զոհրան Մամդանին: Նա կդառնա Նյու Յորքի առաջին մուսուլման ու ամենաերիտասարդ քաղաքապետը։ Վիրջինիայի նահանգապետի ընտրություններում հաղթել է 46-ամյա Էբիգեյլ Սփենբերգերը, իսկ Նյու Ջերսիում՝ 53-ամյա Միկի Շերիլը:

Հաղթանակից հետո ունեցած ելույթում Մամդանին ասել է, որ Նյու Յորքի հարուստները մշտապես աշխատավոր խավին ներշնչել են, թե իշխանությունն իրենց խելքի բանը չէ: Սակայն այսօր նրանք հակառակն ապացուցեցին՝ չնայած բոլոր դժվարություններին: «Ապագան մեր ձեռքերում է։ Բարեկամնե՛ր, մենք տապալեցինք քաղաքական մի դինաստիա»,- հայտարարել է նա՝ նշելով, որ «եթե որևէ մեկը կարող է Թրամփի դավաճանությանն արժանացած երկրին ցույց տալ, թե ինչպես կարելի է հաղթել նրան, ապա դա կարող է անել հենց նույն քաղաքը, որտեղից Թրամփն սկսել է իր վերելքը»:

«Եթե կա բռնապետին վախեցնելու որևէ միջոց, ապա պետք է վերացնել պայմանները, որ նրան թույլ են տվել իշխանություն կուտակել: Այսպես մենք կկանգնեցնենք ոչ միայն Թրամփին, այլև հաջորդին։ Այնպես որ, Դոնալդ Թրամփ, քանզի գիտեմ, որ դիտում եք ելույթս, երկու բառ ունեմ ձեզ համար՝ բարձրացրեք ձայնը», - ասել է Մամդանին:

Թրամփը, որն ավելի վաղ Մամդանիին «կոմունիստ» էր անվանել՝ սպառնալով նրա հաղթանակի դեպքում կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, սոցցանցում արձագանքել է. - «Եվ այսպես, ամեն ինչ սկսվում է»։ Մեկ այլ գրառմամբ էլ նշել է, թե դեմոկրատների հաղթանակի առաջին պատճառն այն է, որ քվեաթերթիկի վրա չկար իր անունը, իսկ երկրորդը՝ շաթդաունը:

Մամդանիի գլխավոր մրցակիցը նախկին դեմոկրատ նահանգապետ 67-ամյա Էնդրյու Կուոմոն էր, որը մասնակցում էր որպես անկախ թեկնածու և հավաքել է մոտ 41 տոկոս ձայն: Հանրապետական թեկնածու Քուրթիս Սլիվան ստացել է 7 տոկոս: Քվեարկությանը մասնակցել է մոտ 2 մլն մարդ կամ ընտրողների 33 տոկոսը՝ ամենաբարձր ցուցանիշը 1969-ից ի վեր:

Նյու Յորքում, Վիրջինայում և Նյու Ջերսիում հաղթած երեք դեմոկրատներն էլ իրենց քարոզարշավի ժամանակ շեշտը դրել էին տնտեսական հարցերի, կոնկրետ՝ կենսապայմանների մատչելիության վրա, որը մնում է ամենակարևոր հարցը ընտրողների մեծ մասի համար: Կոնկրետ Մամդանին առաջարկում է կորպորացիաների և հարուստների համար բարձրացնել հարկերը, որպեսզի ֆինանսավորեն այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բնակվարձը բարձրացնելու արգելքը, երեխաների անվճար խնամքը, քաղաքային անվճար ավտոբուսները և այլն:

Էբիգեյլ Սփենբերգերը, որը հաղթել է հանրապետական փոխնահանգապետ Ուինսոմ Էրլ-Սիրսին, Վիրջինիայում կփոխարինի կրկին հանրապետական նահանգապետ Գլեն Յանգկինին։ Սթենբերգերը խոստացել է կենտրոնանալ խնդիրների լուծման, այլ ոչ թե պառակտում հրահրելու վրա։

«Այսօր մենք ուղերձ հղեցինք ամբողջ աշխարհին, որ 2025 թվականին Վիրջինիան ընտրեց պրագմատիզմը կուսակցականության փոխարեն։ Մենք ընտրեցինք համագործակցությունը քաոսի փոխարեն», - հայտարարել է Սթենբերգերը:

Նյու Ջերսիում Միկի Շերիլը հաղթել է հանրապետական Ջեք Չիատարելիին և կփոխարինի դեմոկրատ նահանգապետ Ֆիլ Մերֆիին։ Ե՛վ Շերիլը, և՛ Սփենբերգերը քարոզարշավի ժամանակ հակառակորդներին կապում էին Թրամփի և նրա քաոսային ղեկավարման հետ՝ փորձելով դժգոհություն առաջացնել դեմոկրատ և անկախ ընտրողների շրջանում:

Թրամփն արդեն մեկ ամսից ավելի շարունակվող շաթդաունի ժամանակ երկուսին էլ անհանգստանալու առիթ է տվել՝ սպառնալով աշխատանքից ազատել դաշնային աշխատողներին, ինչը մեծապես կազդի Վաշինգտոնին հարևան Վիրջինիայի վրա, որտեղ ապրում են բազմաթիվ պետական ծառայողներ: Նա նաև Հուդզոն գետի տակով երկաթուղային նոր թունելի կառուցման ֆինանսավորման համար նախատեսված միլիարդավոր դոլարներ սառեցրեց: Սա կարևոր նախագիծ էր նահանգի համար, որտեղ շատերն են օգտվում տրանսպորտից:

Այս ֆոնին Կալիֆոռնիայում անցկացված քվեարկության արդյունքում ընտրողները հաստատել են նահանգապետ Գևին Նյուսոմի ծրագիրը՝ վերաձևավորելու նահանգի կոնգրեսական քարտեզը հօգուտ Դեմոկրատական կուսակցության: Նոր քարտեզը կվերաձևավորի հինգ շրջանի սահմանները՝ ներառելով ավելի շատ ընտրողների, որոնք, հավանաբար, կաջակցեն դեմոկրատներին, ինչը կմեծացնի 2026-ի ընտրություններին Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու շանսերը:

«Մենք դիմացանք այս փորձությանը և վճռական արձագանքեցինք Դոնալդ Թրամփի անխոհեմությանը։ Եվ այսօր, երբ մարտահրավեր նետեցինք այդ արջին, նա մռնչաց՝ աննախադեպ մասնակցություն ապահովելով արտահերթ ընտրություններում՝ արտակարգ արդյունքներով», - հայտարարել է Նյուսոմը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG