Միացյալ Նահանգների նախագահն Ուկրաինայի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հանձնարարել է հաջորդ շաբաթ մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ և համաձայնեցնելու խաղաղության ամերիկյան պլանի վերջնական տարբերակը: Դոնալդ Թրամփը սոցցանցում հայտնել է, որ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլն, իր հերթին, կհանդիպի ուկրաինական կողմին, թե կոնկրետ ում, չի հստակեցրել:
Թրամփը նշել է, որ խաղաղության պլանի շատ կետեր համաձայնեցված են, տարաձայնություն կա «մի քանի» կետ շուրջ միայն: Սպիտակ տանն էլ հայտարարել է, որ շատ մոտ են համաձայնությանը:
«Կարծում եմ՝ շատ մոտ ենք համաձայնության։ Տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում էի, որ այս հակամարտությունն ... ավելի արագ կավարտվի ... Բայց կարծում եմ՝ առաջընթաց ենք գրանցում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեռևս վաղ է խոսել մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի կնքման մասին։ Ռուսաստանի նախագահն էլ բելառուսցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ-ում հասկանում են, թե որքան բարդ է խնդրի կարգավորումը:
«Կարծում եմ՝ նրանք հասկանում են սա։ Բայց մենք դրա մասին ավելի մանրամասն կխոսենք հիմա», - նշել է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա: Սակայն հերքել է, թե Աբու Դաբիում Ռուսաստանի հետ օրերս քննարկվել է ամերիկյան խաղաղության պլանը, որը, ըստ Reuters-ի, կազմվել է Ռուսաստանի առաջարկների հիման վրա, որոնք Վաշինգտոնին ներկայացվել են հոկտեմբերին: Ըստ գործակալության՝ հենց դրանք են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել վերջին հեռախոսազրույցի ժամանակ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է Թրամփի հետ հանդիպել «հնարավորինս շուտ», գուցե այս հինգշաբթի, որպեսզի վերջնականապես համաձայնեցնեն խաղաղության ծրագիրը:
Զելենսկին էլ Ուկրաինայի դաշնակիցների հետ առցանց հանդիպմանն ասել է, որ Ժնևի բանակցությունների արդյունքում սեղանին է դրված շրջանակային փաստաթուղթ, և ինքը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ ու քննարկել չլուծված հարցերը:
«Այդ փաստաթուղթը սեղանին է, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել ԱՄՆ-ի հետ, նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությամբ, նաև Եվրոպայի հետ ... Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի հետ, կան զգայուն կետեր, որ պետք է քննարկել, դրանք դեռ կան», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Հանդիպմանը քննարկվել է նաև ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վարկի տրամադրումն արագացնելու հարցը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ Լոնդոնը «պատրաստ է առաջ շարժվել» այս հարցում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ Լոնդոնը «պատրաստ է առաջ շարժվել» Եվրամիության հետ՝ ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու հարցում:
«Սա լավագույն միջոցն է ցույց տալու Պուտինին, որ նա պետք է բանակցի, ոչ թե փորձի ժամանակ ձգել: Սա մեզ համար լավագույն միջոցն է պատրաստ լինելու աջակցել Ուկրաինային պատերազմի կամ խաղաղության ժամանակ», - ընդգծել է Սթարմերը:
Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ որոշել են ավարտել ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վերականգնման նպատակով վարկ տրամադրելու գործընթացը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել: Էմանյուել Մակրոնն ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է կայուն խաղաղություն, որը կհարգի «միջազգային իրավունքը»։
«Մենք շարունակում ենք գործընկերների հետ անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում, ինչպես նաև եվրոպական մայրցամաքում խաղաղություն հաստատվի, որպեսզի այն իսկապես լինի լուրջ խաղաղություն, որը հարգում է միջազգային իրավունքը, և լինի կայուն ուկրաինացիների և բոլորիս համար», - նշել է Մակրոնը:
Ըստ Ֆինլանդիայի արտգործնախարարի՝ դեկտեմբերին անպայման որոշում կկայացվի:
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման իրավական տեքստը, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտել է՝ ցանկացած համաձայնագիր պետք է ապահովի արդար և տևական խաղաղություն և իրական անվտանգություն թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի համար։
«Սա վերաբերում է ինչպես զսպմանը, այնպես էլ Եվրոպայի անվտանգությանը, քանի որ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է։ Այնպես որ, Ուկրաինային անհրաժեշտ են ամուր, երկարաժամկետ և անվտանգության հավաստի երաշխիքներ», - հայտարարել է ֆոն դեր Լայենը:
Վլադիմիր Պուտինը պետք է գիտակցի, որ Եվրոպայի ազատության և խաղաղության հաշվին պատերազմը հաղթելու որևէ շանս չունի, իր հերթին, հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ առանց Ուկրաինայի և Եվրոպայի ձեռք բերված որևէ համաձայնագիր իրական խաղաղություն չի ապահովի:
«Մեծ տերությունների միջև առանց Ուկրաինայի և եվրոպացիների համաձայնության բանակցված համաձայնագիրը չի լինի Ուկրաինայում իրական, կայուն խաղաղության հիմքը», - ընդգծել է կանցլերը:
Ռուսաստանի հաղթանակի շանսերի մասին ԱՄՆ-ում այլ կարծիքի են: NBC News-ը հայտնում է, որ անցած շաբաթ Կիև այցի ժամանակ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլն ուկրաինացի պաշտոնյաներին զգուշացրել է, որ պարտությունն անխուսափելի է, քանզի Ռուսաստանը սաստկացնում է հարձակումները և կարող է անորոշ ժամանակով շարունակել մարտերը։ Իրավիճակը, ըստ նրա, կվատանա միայն Ուկրաինայի համար, ու ավելի լավ է հիմա հասնել խաղաղության և խուսափել ավելի թույլ վիճակում հայտնվելուց:
Այս ընթացքում կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Զապորոժիե քաղաքին ռուսական զինուժի հարվածներից 19 մարդ է տուժել:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, Չուվաշիայում հարվածել է հրթիռների մասեր արտադրող գործարանի, կա երկու վիրավոր: