Մատչելիության հղումներ

Թրամփ. «Պուտինն իսկապես հիասթափեցրեց ինձ»

Լրացված

Միացյալ Թագավորություն - Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ ասուլիսը, Չեքերս, 18-ը սեպտեմբերի, 2025թ.
Միացյալ Թագավորություն - Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ ասուլիսը, Չեքերս, 18-ը սեպտեմբերի, 2025թ.

Եվրոպական հանձնաժողովի նախագահն այսօր ներկայացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի նպատակն է է՛լ ավելի սահմանափակել Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունները: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց, որ նախ՝ կարգելվի ռուսական հեղուկ բնական գազի ներկրումը եվրոպական շուկա:

Նոր փաթեթը կթիրախավորի նաև ֆինանսական սողանցքերը, որ Մոսկվան օգտագործել է պատժամիջոցները շրջանցելու համար: Ըստ այդմ՝ Ռուսաստանում և երրորդ երկրներում գործող լրացուցիչ բանկեր կհայտնվեն պատժամիջոցների տակ: Ու քանի որ Մոսկվան օգտագործում է նաև կրիպտոհարթակներ, առաջին անգամ սահմանափակումները կվերաբերեն նաև այդ արժույթով գործարքներին:

«Մենք կշարունակենք օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ այս դաժան պատերազմը դադարեցնելու համար … Ուզում ենք, որ Ռուսաստանը լքի մարտադաշտը և նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Սա է խաղաղությանն իրական հնարավորություն տալու ուղին», - հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրամիության արտգործնախարարն, իր հերթին, հայտնել է, որ ռուսական ստվերային նավատորմի ևս 118 նավ կներառվի պատժամիջոցների ցանկում: Կայա Կալլասն ասել է, որ սահմանափակումները կվերաբերեն նաև «Միր» վարկային քարտերին։ «Ոչ մի ոլորտ չի վրիպի մեր ուշադրությունից», - գրել է նա:

Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինն իսկապես հիասթափեցրել է իրեն՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը պնդել է, թե այս հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո մի քանի հակամարտություն է կարգավորել, և կարծում էր, թե ուկրաինականն ամենահեշտերից մեկը կլինի՝ Պուտինի հետ իր հարաբերությունների շնորհիվ:

«Բայց նա հիասթափեցրեց ինձ։ Նա իսկապես հիասթափեցրեց ինձ ... Տեսնենք, թե ինչպես կլինի: Կարծում էի՝ սա ամենահեշտ կարգավորվող հակամարտություններից մեկը կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը շեշտել է՝ ինքն էլ է պատրաստ նոր պատժամիջոցներ գործադրել Ռուսաստանի նկատմամբ, սակայն դա չի անի, քանի դեռ եվրոպական երկրները չեն նվազեցրել իրենց կախվածությունը ռուսական էներգակիրներից: «Պատրաստ եմ այլ միջոցներ ձեռնարկել, բայց ոչ այն դեպքում, երբ այն մարդիկ, ում համար ես պայքարում եմ, նավթ են գնում Ռուսաստանից», - ասել է նա:

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո եվրոպական երկրներն էապես նվազեցրել են ռուսական էներգակիրների ներկրումը՝ բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի, որոնք ավելացրել են այն:

Մեծ Բրիտանիայի վարչապետն, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել են Ուկրաինային աջակցությունը մեծացնելու ուղիները։ Քիր Սթարմերը շեշտել է՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Վլադիմիր Պուտինի վրա, որը վերջին օրերին «ցույց տվեց իր իրական դեմքը»՝ է՛լ ավելի ուժեղացնելով հարվածներն Ուկրաինային:

«Հիմա ավելի շատ արյուն է թափվում, ավելի շատ անմեղ մարդիկ են մահանում։ ՆԱՏՕ-ի օդային տարածքի աննախադեպ խախտումներ տեղի ունեցան։ Սրանք խաղաղություն ցանկացող մարդու գործողություններ չեն», - հայտարարել է Սթարմերը:

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ Պուտինը չի կարող ուժով ծնկի բերել Ուկրաինային: Ռիչարդ Մուրի խոսքով՝ ոչինչ չի վկայում, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում:

«Պուտինը չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանությունը և որպես երկիր և պետություն նրա գոյությունը։ Նա ձգտում է իր կայսերական կամքը պարտադրել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով։ Սակայն չի կարող հաջողության հասնել», - ասել է Մուրը:

Այս ֆոնին Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը նոր զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Մոսկվան փորձում է մանիպուլացնել Վաշինգտոնին և հասնել նրան, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվեն՝ առանց պատերազմը դադարեցնելու:

Զեկույցը մատնանշում է Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե Թրամփը մտադիր է ԱՄՆ-Ռուսաստան օրակարգից «հանել Ուկրաինայի հարցը»՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Մինչ այդ էլ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Պուտինին «խրախուսելու» փորձերը, որ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարցերում համաձայնության գնա, չեն կանգնեցնի պատերազմը:

Ռուսական զինուժը հայտարարել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել, նաև շարունակել է հարվածներն ուկրաինական բնակավայրերին, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկին և Կիևին:

Խոցված անօդաչուների բեկորներից Ուկրաինայի մայրաքաղաքում հրդեհներ են բռնկվել:

Ուկրաինական զինուժն էլ հարվածել է Կուրսկում գտնվող 810-րդ առանձին ծովային հետևակի բրիգադի լոգիստիկ կենտրոնին: Ըստ ուկրաինական կողմի՝ այս ստորաբաժանման զինծառայողները մասնակցում են Հյուսիսային Սլոբոժանսկի ուղղությամբ հարձակմանը և ռազմական հանցագործություններ են գործել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG