Իրանի իշխանություններն արդեն 7-րդ օրը շարունակում են անջատած պահել ինտերնետը երկրի ողջ տարածքում: Հեռախոսակապը գործում է սահմանափակումներով: Հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվածների և վիրավորների մասին պաշտոնական տվյալներ Թեհրանը չի հաղորդում, թեև իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են մոտ 2 հազար 600-ի զոհի մասին:
Իրանը երեկ մոտ հինգ ժամով փակել էր իր օդային տարածքը: Թեև Թեհրանը չի բացատրել որոշման պատճառը, հաղորդվում է, որ այդ քայլին գնացել է ԱՄՆ հնարավոր հարվածների մտավախության ֆոնին:
Ու մինչ Իրանը շարունակում է տեղեկատվական բլոկադան, ականատեսները նոր մանրամասներ են ներկայացնում անցած օրերի սարսափելի իրադարձություններից: Ցուցարարներից մեկը BBC-ին պատմել է, որ Թեհրանում հունվարի 8-ին ցույցից տուն վերադառնալիս են եղել կնոջ հետ, երբ կինը մահացու վիրավորում է ստացել: Նա մոտ մեկուկես ժամ կնոջ մարմինը միայնակ է տարել, մինչև օգնության են հասել տարածքի բնակիչները:
Տղամարդը պատմել է, որ կինը ցույցերին մեկնելուց մի քանի օր առաջ իր անչափահաս երեխաներին պատմել է երկրում կատարվողի մասին և զգուշացրել, որ «երբեմն ծնողները գնում են ցույցերի և չեն վերադառնում»։ «Իմ և ձեր արյունը ոչ մի մեկի արյունից թանկ չէ», - ըստ ամուսնու՝ երեխաներին ասել է մայրը։
Մտահոգությունների ֆոնին, որ իշխանությունները կարող են ձերբակալված ցուցարարների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, Իրանի դատական իշխանությունը հայտնել է, որ 26-ամյա Էրֆան Սոլթանին մահապատժի չի ենթարկվել: Ըստ հաղորդումների՝ մահապատիժը նախատեսված էր երեկ:
ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտարարել է՝ իրենց վստահեցրել են, որ Իրանը ցուցարարներին մահապատժի ենթարկելու «որևէ ծրագիր չունի»: Դոնալդ Թրամփը, սակայն, չի բացառել ռազմական գործողությունն Իրանի դեմ՝ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների պատճառով։
«Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվել են, մահապատիժ կամ մահապատիժներ իրականացնելու ծրագիր չկա։ Ինձ ասել են, որ վստահելի աղբյուր է հայտնել... Վստահ եմ՝ բոլորս շատ կվրդովվենք, եթե մահապատիժներ տեղի ունենան», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը:
Թրամփը նաև ասել է, որ իրանցի ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավին «շատ հաճելի մարդու տպավորություն է թողնում», սակայն ինքը վստահ չէ, որ վերջին շահի վտարանդի որդին կկարողանա բավական աջակցություն ստանալ Իրանում իշխանությունը ստանձնելու համար։
«Ես չգիտեմ՝ նրա երկիրը կընդունի՞ նրա ղեկավարությունը, թե՞ ոչ, և, անշուշտ, եթե նրանք ընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ հավելելով, թե կա հավանականություն, որ Իրանի կառավարությունը կարող է փլուզվել:
Իրանի արտգործնախարարը երկրում անկարգությունների համար կրկին մեղադրել է «ահաբեկիչներին», որոնք, նրա պնդմամբ, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների վրա: Fox News-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին պնդել է, թե իշխանությունները երեք օր պայքարում էին «ոչ թե ցուցարարների, այլ ահաբեկիչների դեմ», որոնք ցանկանում էին, որ շատ մարդ սպանվի։
«Ինչո՞ւ։ Որովհետև նախագահ Թրամփն ասել է, որ եթե սպանություններ լինեն, նա կմիջամտի, և նրանք ցանկանում էին նրան ներքաշել այս հակամարտության մեջ։ Եվ դա կոնկրետ իսրայելական դավադրություն էր», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Արաղչին, իր հերթին, վստահեցրել է, որ իշխանությունները մարդկանց կախաղան հանելու ծրագրեր չունեն: «Կախաղանը բացառված է», - ասել է Իրանի գլխավոր դիվանագետը, որտեղ 2025-ին 1922 մարդ է մահապատժի ենթարկվել, իսկ վերջին երեք տարում կախաղան է բարձրացվել առնվազն 12 ցուցարար:
Ու մինչ Թեհրանից բացառում են կախաղանները, ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Իրանում այսօր տեղի ունեցողը Միացյալ Նահանգների ճնշման ուղիղ արդյունքն է: Newsmax-ին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթը նշել է, որ Իրանի կառավարության ֆինանսավորման հիմնական աղբյուրը նավթային ոլորտն է, որի նկատմամբ ԱՄՆ խիստ պատժամիջոցները երկրում ֆինանսական ամբողջական փլուզման են հանգեցրել: Արդյունքում, նրա պնդմամբ, հիմա կապիտալի մեծ արտահոսք կա Իրանից:
«Ֆինանսների նախարարությունը, որը կիրառում է պատժամիջոցները, այժմ տեսնում է, թե ինչպես են առնետները լքում նավը։ Որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես է Իրանի ղեկավարությունը միլիոնավոր և տասնյակ միլիոնավոր դոլարներ գաղտնի դուրս հանում երկրից», - հայտարարել է Բեսենթը:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան չի հանդուրժի Իրանի դեմ բռնությունը, և պետք է խուսափել ապակայունացումից: Անկարան հուսով է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը ընդհանուր հայտարարի կգան, ասել է Հաքան Ֆիդանը: