Մատչելիության հղումներ

Թրամփ. Հնդկաստանի վարչապետը խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի, արխիվ

Վաշինգտոն Ուկրաինայի նախագահի վաղվա այցին ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետը խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումը: Դոնալդ Թրամփն ասել է, որ հաջորդիվ Չինաստանին ևս կփորձի համոզել անելու նույնը, որպեսզի սահմանափակեն Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը ֆինանսավորելու Մոսկվայի հնարավորությունները։

«Հնդկաստանի վարչապետի հետ հիանալի հարաբերություններ ունենք։ Սակայն դժգոհ էինք, որ նա Ռուսաստանից նավթ է գնում, քանի որ դա թույլ է տալիս շարունակել այս ծիծաղելի պատերազմը, որի ընթացքում Ռուսաստանը մեկուկես միլիոն զոհ է ունեցել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Որպես գերտերություն՝ Ռուսաստանը, ըստ Սպիտակ տան ղեկավարի, պետք է մեկ շաբաթում հաղթեր այս պատերազմը, սակայն այն ձգվում է արդեն չորրորդ տարին, ինչն ամենևին էլ լավ չէ երկրի տնտեսության համար:

Reuters-ը երեք աղբյուրի հղումով հայտնում է, որ նավթավերամշակող հնդկական որոշ ընկերություններ կկրճատեն ռուսական նավթի ներմուծումը։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ռուսական էներգակիրներից կհրաժարվի նաև Ճապոնիան, ինչի մասին ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը: Սքոթ Բեսենթը նշել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է նաև մաքսատուրքեր սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթի գնման համար, ապա հավելել է, որ Եվրոպան ևս պետք է պատրաստ լինեն նման քայլերի։

«Հենց Չինաստանի կողմից ռուսական նավթի գնումն է սնում Ռուսաստանի ռազմական մեքենան։ Չինաստանը գնում է Ռուսաստանի էներգակիրների 60 տոկոսը։ Նրանք գնում են Իրանի էներգակիրների 90 տոկոսը: Հիմա ո՞վ է սնում ռուսական ռազմական մեքենան», - ընդգծել է Բեսենթը:

Ըստ բրիտանական The Telegraph-ի՝ Թրամփը Բեսենթին հանձնարարել է պատրաստել Ուկրաինայի համար հատուկ աջակցության հիմնադրամ ստեղծելու ծրագիր: Այն կֆինանսավորվի Չինաստանի համար սահմանված մաքսատուրքերից ստացված եկամուտներով։

Մինչ ԱՄՆ-ը փորձում է կրճատել Ռուսաստանի նավթագազային եկամուտները, Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է պաշտպանական չորս նախագիծ, այդ թվում՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգ և արևելյան սահմանի ամրապնդման ծրագիր, ինչը Եվրոպայի պաշտպանական կարողությունները մինչև 2030-ը ամրապնդելու ջանքերի մաս է:

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասն ասել է, որ անօդաչուների դեմ պայքարի գործիքներն այսօր պարտադիր են, իսկ առաջարկվող համակարգը լիովին կգործարկվի մինչև 2027-ի վերջը։

«Ռուսաստանն այսօր չունի Եվրամիության վրա հարձակում սկսելու կարողություն, բայց կարող է պատրաստվել առաջիկա տարիներին։ Վտանգը չի վերանա, նույնիսկ եթե Ուկրաինայում պատերազմն ավարտվի», - հայտարարել է Կալլասը:

Երեկ էլ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ դաշնակիցները Կիևին 2 մլրդ եվրոյի լրացուցիչ աջակցություն կտրամադրեն:

Նոր փաթեթը, ըստ Բորիս Պիստորիուսի, կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ Patriot-ներ, ճշգրիտ կառավարվող հրթիռներ ու զինամթերք, և կլուծի Ուկրաինայի մի շարք հրատապ կարիքներ:

«Հակաօդային պաշտպանությունը մեր աջակցության հիմքում է, և այդպես է եղել պատերազմի սկզբից։ Հետևաբար, կշարունակենք ներդրումներ անել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության և անօդաչուների դեմ պայքարի ոլորտում», - հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ ասել է, որ Ուկրաինային շարունակական աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել: Փիթ Հեգսեթը շեշտել է՝ այս պատերազմը չի սկսվել Թրամփի օրոք, սակայն պետք է դադարեցվի նրա օրոք: Ու եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, Վաշինգտոնն ու դաշնակիցներն ամեն ինչ կանեն, որպեսզի Ռուսաստանը պատասխան տա իր գործողությունների համար, զգուշացրել է Հեգսեթը:

«Եթե այս պատերազմը չավարտվի, եթե կարճաժամկետ հեռանկարում չգտնվի խաղաղության տանող ուղի, ապա ԱՄՆ-ը, դաշնակիցների հետ միասին, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ռուսաստանը վճարի իր շարունակական ագրեսիայի համար», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

Միացյալ Թագավորությունը երեկ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, որում ներառվել են նաև ռուսական նավթային խոշոր ընկերություններ «Ռոսնեֆտ»-ն ու «Լուկօյլ»-ը, ստվերային նավատորմի հետ կապված 51 նավ, մի քանի բանկ և անհատներ:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրամիության առաջիկա գագաթնաժողովին կոչ կանի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները՝ Ուկրաինային 140 միլիարդ եվրո վարկ տրամադրելու համար, որը կծախսվի երկրի ռազմական կարողություններն ուժեղացնելու նպատակով:

«Մենք սա չենք անում պատերազմը երկարաձգելու համար։ Մենք ուզում ենք սա անել այն հնարավորինս արագ ավարտելու համար։ Միևնույն ժամանակ, Պուտինը պետք է գիտակցի՝ մեր աջակցությունը Ուկրաինային չի նվազի, այլ կաճի, և նա չի կարող հույսը դնել նրա վրա, որ մեզանից ավելի երկար կդիմանա», - ասել է Ֆրիդրիխ Մերցը:

Ռուսական զինուժը գիշերը կրկին զանգվածային հարձակում է գործել մի քանի շրջանների էներգետիկ և գազային ենթակառուցվածքների վրա: Ռուսական հարվածներից Կիևի որոշ հատվածներ և մի շարք շրջաններ հոսանքազրկվել են։ Ուկրաինայի նավթագազային ամենամեծ պետական ընկերությունը՝ «Նավթոգազ Ուկրաինա»-ն, կոչ է արել խնայողաբար օգտագործել գազը, քանզի հարվածներից գազային ենթակառուցվածքներն էապես տուժել են, ինչն ազդում է մատակարարման վրա:

Ուկրաինական զինուժը նույնպես հարվածել է ռուսական մի քանի շրջանների, այդ թվում՝ Բելգորոդին, որտեղ կա մեկ զոհ: Սարատովի օդանավակայանում գիշերը չվերթները դադարեցվել են: Ականատեսները հայտնել են, որ մոտակայքում պայթյուններ են լսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG