Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը ցավակցական խոսք է հղել հայ համայնքին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ապրիլքսանչորսյան ուղերձում Ռեջեփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում: Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական խոսքում նախագահը չի նշել, թե ում կողմից և ինչու են սպանվել մեկուկես միլիոն հայերը՝ ընդհանրական գնահատականներ տալով 1915-ից սկիզբ առած իրադարձություններին՝ ապստամբություններ, համաճարակներ և այլն:

Միաժամանակ, Էրդողանը պնդում է՝ անցյալի ցավալի հիշողությունները չպետք է գերի դարձնեն ներկան և ապագան, զգուշացնելով, որ նպատակին չեն հասնի նրանք, ովքեր փորձում են պատմական թշնամանք սերմանել և խարխլել խոր արմատներով հզոր կապերը: Թուրքիայի նախագահը չի հստակեցնում, թե ում նկատի ունի:

Այն, որ Թուրքիայի առաջնորդը ուղերձում որևէ բառ չի գրել Երևան-Անկարա կարգավորման մասին, ըստ Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի, վկայում է, որ գործընթացը տեղից չի շարժվում:

«Բարի ցանկությունների, դրական սպասումների խտացած մթնոլորտում առանց գործնականության գործընթաց է, մնում է նույն կետի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գոչունյանը:


Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյան, արխիվ
Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյան, արխիվ

Շուտով կլրանա երեք տարին, ինչ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Հայկական կողմը 1 միլիարդ դրամով անցակետ կառուցեց, սահմանը մնաց փակ։

Պոլսահայ մեկ այլ՝ «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը համոզված է՝ քանի չեն կարգավորվել հարաբերությունները Ադրբեջանի հետ, Թուրքիան որևէ շոշափելի քայլ չի անելու:

«Եվ ես շատ մեծ հույսեր չունեմ, մինչև որ արդեն Բաքուն համոզված չլինի այդ հարաբերությունների բնականոնացման գործին: Այդտեղ ես տեսնում եմ Բաքվի ծանր դերակատարությունը, որ Թուրքիան մի տեսակ կալանքի տակ է կարծես թե», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Էստուկյանը:

Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյան, արխիվ
Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյան, արխիվ

Արա Գոչունյանը հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանը մեկնեց Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը, երկու երկրների ղեկավարները հանդիպեցին Նյու Յորքում՝ Թուրքիայի ներկայացուցչությունում, արտգործնախարար Միրզոյանն է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումներին, Հայաստանի և Թուրքիայի բանագնացներն են հանդիպել սահմանին, բայց միևնույն է՝ Բաքվի ճնշման տակ սայլը տեղից չի շարժվում:

«Թուրքիա-Ադրբեջան տանդեմը բավականին էֆեկտիվ կերպով աշխատում է, Ադրբեջանի ազդեցության պատճառով հնարավոր չի լինում Թուրքիա-Հայաստան կտրվածքով ինչ-որ առաջխաղացում արձանագրել», - ասաց «Ժամանակ»-ի խմբագիրը:

Թեև պաշտոնական հանդիպումներին հաջորդած հաղորդագրություններում Երևանն ու Անկարան շեշտում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, բայց թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար պայմաններ են դնում, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց բացի թուրքական կողմը երբեմն-երբեմն նաև միջանցքի հարցն է բարձրացնում, Սյունիքով անցնող այդ ճանապարհը Ադրբեջանը Նախիջևանի միջոցով կկապի Թուրքիային:

«Դա «Զանգեզուրի միջանցքի» հարց չէ, Հայաստանը շրջափակելու հարց է: Հետևաբար՝ ինձ համար արդեն դա խոսքի արժանի նյութ անգամ չէ: Այսինքն՝ Հայաստանին պարտադրում են, որ ինքն իրեն շրջափակման մեջ պահի: Անշուշտ, Թուրքիան էլ մասնակից է այդ ծրագրին՝ իրենք էլ նույն ախորժակով, նույն աշխուժությամբ այդ պահանջը ներկայացնում են Հայաստանին: Նման պահանջ ներկայացնելը նշանակում է՝ «մենք խոսելու կարիք չունենք, մենք հարաբերությունները բարելավելու նպատակ չունենք», - ընդգծեց «Ակօս»-ի խմբագիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հետ վերջին հանդիպմանը Թուրքիայի նախագահին նվիրել էր ճանապարհների ապաշրջափակման Երևանի առաջարկը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գրքույկը: Այն ենթադրում է երթուղիների օգտագործում ինքիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներով:

Անդրադառնալով երեկ Երևանում Թուրքիայի դրոշը այրելուն, որը վարչապետ Փաշինյանը դատապարտել է, պոլսահայ գործիչները հիշեցնում են, որ իրենք հիմա այդ դրոշի ներքո են ապրում:

«Կողմերը միմյանց զգայնությունները բորբոքելով այս խնդիրները չեն կարող հաղթահարել», - ասաց Արա Գոչունյանը:

«Դա մանկական միամիտ շարժում է, ոչ մի նշանակություն չունի, ինքնագոհացման ամենաստորին, ամենապարզ միջոց, և նաև գրգռիչ միջոց», - ասաց Բագրատ Էստուկյանը:

Վերջին տարիներին Ստամբուլում այլևս չեն անցկացվում ապրիլքսանչորսյան բողոքի ակցիաները: Հայկական պարբերականների խմբագիրները բացատրում են՝ իշխանություններն այլևս չեն արտոնում այդ հավաքները, ներքաղաքական բևեռացվածությունը Թուրքիայում խիստ աճել է, ազգայնականությունը թափ է հավաքում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG