Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԽ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը


Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին: Այս մասին ասված է խորհրդի նիստի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ:

Նիստը վարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Խորհուրդն ընգծել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, «որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»։

Թուրքիայի խոշորագույն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողն էլ նախօրեին հայտարարել է, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան:

Bloomberg-ն էլ իր հերթին գրում է, որ Անկարայում այս որոշումը կայացրել են մի շրջանում, երբ ակտիվացել են ջանքերը հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ Երևանն ու Անկարան նոր թափ են հաղորդել հարաբերությունների բարելավմանը՝ հիմնվելով ԱՄՆ-ի միջնորդությամբ իրականություն դարձած խաղաղության համաձայնագրի վրա, որը կնքվել է Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև։

Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Երևան այցելեց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Բանակցությունների արդյունքներով հայտարարվել էր նաև, որ կողմերը համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ 2026-ի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ սկսելու համար:

Միաժամանակ, բանակցություններից հետո թուրքական կողմն ընդգծել էր, որ հարաբերությունները կկարգավորեն, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն նախաստորագրված խաղաղության պայմանագիրը: Անկարան ակնկալում է, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG