Անկարան խստորեն դատապարտում է Իսրայելի կառավարության որոշումը՝ Գազայի վերաբերյալ։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ը շեշտել է, որ «սա Թել Ավիվի՝ տարածաշրջանում ծավալապաշտական և ցեղասպանական քաղաքականության ևս մեկ փուլ է»։
«Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, դիվանագիտության գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հիման վրա։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական ծրագրերը, համաձայնվի Գազայի հատվածում հրադադարին և սկսի բանակցություններ երկու պետությունների ստեղծման շուրջ», - ասված է հայտարարության մեջ։
Իսրայելի քաղաքական-անվտանգության կաբինետը ուրբաթ առավոտյան հաստատել է պլան՝ վերցնելու Գազա քաղաքի վերահսկողությունը: «Իսրայելի պաշտպանության բանակը կպատրաստվի Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն ստանձնել՝ միաժամանակ մարդասիրական օգնություն տրամադրելով մարտական գոտիներից դուրս գտնվող քաղաքացիական բնակչությանը», - ասվում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերին։