«Թուրքիան կարողություն, ուժ և «ամենակարևորը՝ վճռականություն» ունի իր գոյությանը սպառնացող բոլոր վտանգները «իրենց հիմքում» վերացնելու համար», - ուրբաթ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նկատի ունենալով Սիրիայում քրդական ուժերին, որոնց աջակցում են Միացյալ նահանգներն ու Ֆրանսիան։
«Քրդստանի աշխատավորական կուսակցության և Սիրիայում նրա մասնաճյուղերի դեմ պայքարի վերջը երեւում է»,- հայտարարել է Ֆիդանը:
Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, որ իրենք միայն Միացյալ Նահանգների հետ կխոսեն Սիրիայի հյուսիսարևելքում զարգացումների հարցում, որտեղ Անկարան սպառնում է ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա իրենք անտեսում են այն երկրներին, որոնք փորձում են առաջ մղել իրենց շահերը Սիրիայում՝ օգտագործելով ԱՄՆ իշխանությունն ու թաքնվելով դրա հետևում։
Ներկայումս ԱՄՆ-ը բանակցություններ է վարում այդ տարածքում թուրքական հարձակումը կանխելու համար: Ֆիդանը հայտարարել է նաև, որ Թուրքիան մտադիր չէ գրավել Սիրիայի որևէ տարածք Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո։