Մատչելիության հղումներ

Ինչ է հայտնի թուրքական ինքնաթիռի կործանման և զոհերի մասին այս պահի դրությամբ


Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարից զոհված 20 զինծառայողների անունները: Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ նրանք մասնագետներ էին, որոնք սպասարկել էին նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված ռազմական շքերթին մասնակցած թուրքական F-16 կործանիչները։

Ադրբեջանից Թուրքիա վերադարձող C-130 ինքնաթիռը, ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության, կործանվել էր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Կախեթի շրջանի Սիղնաղի քաղաքի վարչական տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռն աղետի ազդանշան չի ուղարկել և ռադարներից անհետացել է Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց, հայտարարել է նախարարությունը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան սոցցանցում հայտնել է, որ հեռախոսով քննարկել է վթարի հարցը իր վրացի գործընկերոջ հետ, որը, ըստ նրա, նույնպես դեպքի վայր է մեկնել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը այդ ժամանակ Անկարայում է եղել, վթարի մասին լուրն ստանալուց հետո ընդհատել է ելույթը՝ զոհերի հիշատակը հարգելու համար. «Աստված տա, որ այս ողբերգությունը մեզ նվազագույն վնաս հասցրած լինի: Աստված ողորմի մեր նահատակներին, և եկեք մեր աղոթքներում լինենք նրանց հետ»։

Ավելի ուշ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել է որոնողական-փրկարարական աշխատանքների վերջին զարգացումները։

Մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ցավակցական ուղերձներ են հղել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հեռախոսով է խոսել Էրդողանի հետ և ցավակցել:

Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել ՆԱՏՕ-ի անդամ պետությանը պատկանող ինքնաթիռի վթարի պատճառը, ընթանում է քննություն: Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը նախ մասնատվում օդում, ապա սկսվում այրվելով և պտտվելով ցած ընկնել:

APA-ի աղբյուրն ասել է, որ ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել՝ միայն F-16 ինքնաթիռի պահեստամասեր: Նա նաև բացառել է արտաքին ազդեցության վարկածը:

«Ինքնաթիռի կորպուսի վրա դրսից հարվածի նշանների բացակայությունը բացառում է հնարավորությունը, որ այն վնասվել է։ Նույնիսկ եթե ներսում պայթյուն լիներ, պայթյունի ալիքի հետքերը անպայման կմնային կորպուսի վրա», - ասել է նա:

Ըստ ադրբեջանական գործակալության՝ իրավապահները դիտարկում են վթարի երկու նախնական վարկած՝ տեխնիկական անսարքություն, որը կարող է կապված լինել ինքնաթիռի երկարատև շահագործման և կորպուսի հնարավոր կոռոզիայի հետ, ինչի հետևանքով թռիչքի ժամանակ բարձր ճնշման տակ կորպուսը կարող էր կոտրվել: Նման դեպք այս մոդելի ինքնաթիռների հետ արդեն տեղի է ունեցել ԱՄՆ-ում 90-ականներին: Երկրորդը բեռի ոչ պատշաճ ամրացումն է, որը տուրբուլենտության կամ կտրուկ մանևրի ժամանակ կարող էր տեղաշարժվել և լրջորեն վնասել ինքնաթիռը:

Ըստ APA-ի՝ ինքնաթիռը երեկ վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում և այնտեղ մնացել է մոտ երկու ժամ։ Անձնակազմը չի լքել ինքնաթիռը կամ օդանավակայանի տարածքը։ Մեկնելուց առաջ անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու ստուգումները՝ անվտանգության պահանջներին լիովին համապատասխան, ինչը հաստատվել է օդանավակայանի տեսախցիկների կողմից։ Գյանջայից մինչև Սիղնաղի սահմանային հատվածը 90-100 կմ է։

C-130 Hercules-ը միջին և մեծ հեռահարության ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է, որը նախագծել և արտադրել է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը: Ունի չորս տուրբոպրոպելային շարժիչ և նախատեսված է ռազմական բեռներ, անձնակազմ տեղափոխելու և տարհանման համար և կարող է օգտագործել ոչ ասֆալտապատ ու համեմատաբար կարճ թռիչքուղիներ։

Ըստ արբդեջանական APA-ի՝ ինքնաթիռը երկար ժամանակ էր շահագործվում, վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 2020 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG