Մատչելիության հղումներ

Տոնոյանը չի կարող տնային կալանքի ենթարկվել, քանի որ նոր օրենսգիրքը նրան չի վերաբերում. հարցը հասել է ՍԴ


Արդեն 2,5 տարի բանտում գտնվող պաշտպանության նախկին նախարարը չի կարող տնային կալանքի ենթարկվել, քանի որ նոր օրենսգիրքը նրան չի վերաբերում։

Անպիտան հրթիռների գործով առանցքային մեղադրյալ Դավիթ Տոնոյանի դատաքննությունն ընթանում է քրեական դատավարության հին օրենսգրքով, որում կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ չկան։ Այս հարցն այժմ հասել է Սահմանադրական դատարան։

«Արդյո՞ք սա իրավաչափ է, լիարժեք իրավաչափ չէ այնքանով, որքանով անկախ նրանից թե անձի քրեական գործը քննվում է հին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, թե նոր, անձի ազատության իրավունքի բովանդակությունը դրանից չի փոխվում: Այսինքն՝ և՛ հին քրեական դատավարության օրենսգրքով քննվող գործով մեղադրյալն ունի ազատության իրավունքի նույն բովանդակությունը, և՛ նոր քրեական դատավարության օրենսգրքով քննվող գործով մեղադրյալն ունի ազատության իրավունքի ճիշտ նույն բովանդակությունը», - ասաց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:

Ապրիլին Տոնոյանի փաստաբանները միջնորդել էին գործը քննող Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով, ի վերջո, կալանավորումը փոխարինել գոնե տնային կալանքով, բայց դատավորը մերժել էր։ Նշել էր, որ նոր օրենսգիրքը նախկին պաշտպանության նախարարին չի վերաբերում։ Դրանից հետո փաստաբանները դիմել էին վերաքննիչ, խնդրել այս հարցով դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու նոր օրենսգրքի այս դրույթի սահմանադրականությունը։

Փաստաբան Անդրանիկ Մանուկյանն ասում է, որ դատարանները վկայակոչում են նոր օրենսգրքի անցումային դրույթները։ Ըստ դրանց, եթե դատաքննությունը սկսվել է մինչև նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ապա գործը քննվում է հնով։

«Այսինքն՝ դատական պրակտիկան այդ նորմը մեկնաբանում է այն բովանդակությամբ, որ եթե քրեական գործը քննվում է հին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուրեմն հնի քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներն են գործում կալանքից ազատվելու մեղադրյալի հնարավորության հարցի կապակցությամբ», - ընդգծեց փաստաբանը։

Սահմանադրական դատարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ Վերաքննիչ դատարանի դիմումն արդեն մուտքագրվել է, դեռ ուսումնասիրում են։ Դրանից հետո միայն կորոշեն՝ ընդունել այն վարույթ, թե՝ ոչ։

44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարած 56-ամյա Տոնոյանը «անպիտան հրթիռների» գործով մեղադրվում է պետությունից շուրջ 4,5 միլիոն դոլար յուրացնելու համար։ Ըստ քրեական գործի` 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 հազար 200 անպիտան հրթիռներ։ Մյուս 6 մեղադրյալներն, այդ թվում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն ազատության մեջ են։

«Տոնոյանն ապացույցների արժանահավատության վրա բացասաբար ազդելու հնարավորություն չունի»

Փաստաբան Մանուկյանի խոսքով, 2,5 տարի է՝ դատարանը նույն պատճառաբանությունն է բերում, թե ազատության մեջ Տոնոյանը կխոչընդոտի գործի քննությանը։ Նաև այն դեպքում, երբ դատարանն արդեն ավարտել է ապացույցների հետազոտությունը։

«Բոլոր ապացույցները, որոնք մեղադրանքի կողմը դրել է պարոն Տոնոյանին ներկայացված մեղադրանքի հիմքում, այլևս հետազոտված են դատարանում, հետևաբար պարոն Տոնոյանն այդ ապացույցների արժանահավատության վրա բացասաբար ազդելու հնարավորություն չունի», - ասաց նա:

Փաստաբանը պատմեց, որ ապրիլին դատական նիստն անցկացվել է «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ որպես ապացույց հետազոտել են հրթիռները. ընդամենը դիտարկում են իրականացրել, չեն փորձարկել։ Թե դրանից ի՞նչ կեզրակացնի դատավորը, կերևա դատավճռում, փաստաբանները, սակայն, պնդում են, թե դրանք, գոնե արտաքինից, խնդիր չունեն։

Կարևոր է, սակայն, դրանց փորձաքննությունը, բայց թե ինչու դա չեն արել, փաստաբանն ասաց՝ չգիտի։ Մեղադրանքը պաշտպանող դատախազությունում այս հարցին չեն պատասխանում գործի գաղտնի լինելու պատճառաբանությամբ։ Դատաքննությունն էլ դռնփակ է, լրագրողները ներկա գտնվելու հնարավորություն չունեն։

Մյուս մեղադրյալ Արտակ Դավթյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հավաստիացրել էր՝ հրթիռները անպիտան չեն եղել։

5 ամիս առաջ Տոնոյանը հայտարարեց՝ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդում է անձամբ վարչապետը, իր մեղադրանքն էլ հիմնավորել էր գործադիրի ղեկավարի ու արդարադատության նախարարի՝ իրեն առնչվող հայտարարությամբ։ Փետրվարին կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը, առանց իր կաբինետի նախկին անդամի անունը նշելու, խնդրահարույց էր համարել քրեակատարողականի ծառայողների ուղեկցությամբ նրան տուն ուղեկցելը։ Վարչապետն, ըստ էության, նկատի էր ունեցել այն, որ անցած տարի պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար բանտից խորհրդարան տարված Տոնոյանը նաև տուն էր գնացել՝ այցելել էր մորը։ Նրան այդ թույլտվությունը դատարանն էր տվել։

XS
SM
MD
LG