Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից օրեր անց չի խախտում լռությունը. տեղի ունեցածի վերաբերյալ նա առայժմ որևէ հայտարարություն չի արել։
Այսօր նա շաբաթօրյակի էր մասնակցում: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ քաղաքապետը միայն ասաց, որ հարցազրույց չի տալիս։ Ինչո՞ւ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի հեռացվում, արդյոք կոալիցիոն գործընկերոջ կորցնելու վտանգն է խանգարում այս քայլին դիմել, այս և այլ հարցերը քաղաքապետն անարձագանք թողեց։
Արդեն հեռանալիս Տիգրան Ավինյանն ասաց՝ կատարվածի վերաբերյալ գնահատական կտրվի, բայց երբ և ինչպես չմանրամասնեց:
Ծեծի մասին Երևանի քաղաքապետարանից ավելի վաղ ասել էին՝ անընդունելի է բռնությունը, բայց հայհոյելը, վիրավորելը, արժանապատվությունը նվաստացնելը նույնպես բռնության ձև են:
Ըստ մամուլի՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարն ասել է՝ եթե Ավինյանը որոշի հեռացնել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, «մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»։
Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու: «Ազատության» տեղեկություններով՝ նրանցից մեկը թաղապետն է:
Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանը, որ թաղապետարանում հարվածներ էր ստացել այդ թվում թաղապետից, մեղադրյալ է մեկ այլ գործով: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության համար: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: