Մատչելիության հղումներ

«Սորոս», «Սորոս», «Սորոս». ինչպես ԱԺ-ում քննարկեցին ՍԴ դատավորի թեկնածուին


ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը, արխիվ
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը, արխիվ

Ազգային ժողովն այսօր քննարկեց ու վաղը կորոշի՝ ով կլինի սահմանադրական դատարանի նոր դատավորը։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն Դավիթ Խաչատուրյան է՝ այժմ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Վաղը Ազգային ժողովի երկրորդ փորձը կլինի ընտրելու դատավոր անցյալ տարվա վերջին մայր դատարանից իր դիմումով հեռացած դատավոր Արայիկ Թունյանի փոխարեն։ Նա ընտրվել էր Եվրասիական տնտեսական միության դատարանի անդամ։

Փետրվարին վերջին դատավորների ընդհանուր ժողովը ներկայացրել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը, որի քվեարկությունը «Քաղաքացիական պայմանգիրը» բոյկոտել ու չէր ներկայացել, ընդ որում, ընդհանրական ու ոչ կոնկրետ հիմնավորումներով։

Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Նրա թեկնածության վերաբերյալ ՔՊ-ից ելույթներ Ազգային ժողովում այսօր չհնչեցին։ Խաչատուրյանի կենսագրությունը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսսա Խամոյանը շտապեց նկատել՝ դրանից մի դրվագ դուրս է մնացել. - «Ձեր ներկայացրած կենսագրության մեջ բացակայում էր պարոն Խաչատուրյանի մի շատ կարևոր կենսագրական դրվագ՝ 2009-2013 թվականներին պարոն Խաչատուրյանը եղել է «Բաց հասարակություններ հիմնադրամ Հայաստանի», իսկ հասարակության շրջանում առավել հայտնի «Սորոս» հիմնադրամի կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, 16-20 թվականներին եղել է տնօրենների խորհրդի նախագահ»:

Ի պատասխան, վճռաբեկ դատարանի նախագահը հորդորեց այդ հարցն ուղղել հենց Խաչատուրյանին, որն արդեն իր ելույթի ընթացքում արձագանքեց Խամոյանի հարցին։

«Ինչ վերաբերում է «Բաց հասարակության հիմնադրամների», այդ «Սորոսի» հիմնադրամի աշխատանքներում իմ մասնակցությանը, ես աշխատողը չեմ եղել հիմնադրամի: Բոլոր այն մարդիկ, ովքեր այնտեղ գտնվել են տնօրենների խորհրդում, իրենք ունեն աշխատանք: Դա ինքնին աշխատանք չի, դա լրիվ հասարակական գործունեություն է», - ասաց Խաչատուրյանը:

«Հայաստան» դաշինքից Խամոյանին այս բացատրությունը չբավարարեց։ Ըստ նրա՝ երաշխիքներ չկան, որ Խաչատուրյանը «ազդեցության գործակալ չէ», քանի որ եղել է «Բաց հասարակության հիմնադրամի» խորհրդի անդամ, ապա՝ ղեկավար։

«Ես որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ Ձեր այսպիսի հարուստ կենսագրությամբ, որը թաքցնում եք, Դուք առնվազն ազդեցության գործակալ չեք: Խնդրում եմ՝ ներկայացրեք այդ երաշխիքները», - նշեց Ագնեսսա Խամոյանը:

«Եթե սկսեմ պատասխանել՝ ինչ երաշխիքներ, դա կնշանակի՝ այնտեղ կա մի վտանգ, որից պաշտպանվելու համար ես երաշխիքներ եմ ներկայացնում: Ոչ մի երաշխիք պետք չի ներկայացնել, որովհետև երաշխիքների կարիք չկա, որովհետև չկա որևէ վտանգ, որևէ Ձեր ասած մարդը լինելու՝ կախված այդ գործունեության բնույթից: Ես ոչ մի բան չեմ թաքցնում ես ասացի՝ մենք հրապարակային ենք գործել, բազմաթիվ սեմինարներ և այլ ծրագրեր ենք իրականացրել», - արձագանքեց Խաչատուրյանը:

«Բաց հասարակության հիմնադրամների» դեռ տարիների առաջ չարչրկված թեմային անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագրից» Արփի Դավոյանը՝ հիշեցնելով, որ այդ կազմակերպությունից ժամանակին դրամաշնորհ է ստացել նաև դաշնակցությանը հարող հեռուստաընկերությունը։

«Սորոսականության թեման ի հայտ է եկել «Երկիր մեդիա»-ի հայտնի հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի կողմից, երբ նրան առաջադրվել էր Մարտի 1-ի գործով մեղադրանքը, և ի դեպ՝ «Երկիր մեդիա»-ն 150 հազար դոլար դրամաշնորհ է ստացել նույն «Բաց հասարակության հիմնադրամից»: Հիմա «Երկիր մեդիա»-ն ազդեցության գործակալ է համարվո՞ւմ, թե՝ ոչ: Երբ այդ հարցին կպատասխանեք, ես կառաջարկեմ պարոն Խաչատուրյանին էն հարցին նորից ուղիղ պատասխանել», - ասաց Դավոյանը:

ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Դավիթ Խաչատուրյանի ելույթի ու դրա բովանդակային մասի վերաբերյալ ԱԺ պատգամավորները հարցեր չունեին։ Դատավորի ընտրության հարցի քննարկումը կշարունակվի վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG