Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից


Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները Վրաստանում՝ հանրահավաքի ժամանակ, 15-ը մայիսի, 2024թ․
Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները Վրաստանում՝ հանրահավաքի ժամանակ, 15-ը մայիսի, 2024թ․

Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը պաշտոնապես կոչ են արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատումից։ Օրենքի ընդդիմախոսներն այն համարում են «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի անալոգ։

Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կազդի Վրաստանի եվրոպական հեռանկարների վրա՝ չհստակեցնելով, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ օրինագիծը թիրախավորում է քաղաքացիական հասարակությանն ու սպառնում է ԶԼՄ-ների ազատությանը:

«Ընտրությունը Վրաստանի ձեռքում է, մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հետ կանչել օրինագիծը»,- ասված է հայտարարությունում։։

Financial Times-ը, վկայակոչելով ԵՄ երեք պաշտոնյաների, պնդում է, որ եթե օրենքն ուժի մեջ մտնի, ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը կսառեցվի։ Անցյալ տարի երկիրը պաշտոնապես ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ, թեև բանակցությունները դեռ չեն սկսվել։

Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաիշվիլին հայտարարել է, որ մտադիր է վետո դնել աղմկահարույց օրենքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG