Մատչելիության հղումներ

Իշխանությունից արձագանքում են. Բագրատ սրբազանի վարչապետ դառնալն անօրինական է


ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն անօրինական է համարում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի վարչապետ դառնալը։

«Ազատության» հարցին՝ որքանո՞վ է մարտահրավեր համարում վարչապետի հրաժարականի պահանջը դնող շարժման կողմից արքեպիսկոպոս Գալստանյանին թեկնածու հռչակելը, իշխող ուժի ներկայացուցիչն ասաց. - «Ես որևէ անօրինական բան չեմ կարող համարել մեզ մարտահրավեր, քանի որ Բագրատ սրբազանը համարվում է նաև Կանադայի քաղաքացի, հետևաբար իրեն ինչ էլ հռչակեն-չհռչակեն, ինքը օրինական և իրավական հիմք չունի՝ այդ կարգավիճակը կրելու»։

Այսօրվա հանրահավաքին Բագրատ սրբազանը հայտնեց, որ հոգևոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան և Ամենայն Հայոց կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը։ Արքեպիսկոպոսը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։

«Եթե Բագրատ սրբազանն ակնկալում է, որ ինչ-ինչ, ինչ-ինչ հանգամանքների բերումով պետք է քվեարկեն նմանատիպ անօրինական որոշման օգտին, ապա թող այդ հույսերը չփայփայի», - նշեց Աղազարյանը։

Հարցին, թե երկխոսության տարբերակ տեսնո՞ւմ է ընդդիմության և իշխանության միջև, Հովիկ Աղազարյանն այսպես պատասխանեց. - «Դա երկխոսություն է էլի, մի կողմը պահանջում է մյուս կողմի հրաժարականը, մյուս կողմը արհամարհում է այդ պահանջը, և այդքանով երկխոսությունն, այսպես կոչված, ավարտվում է»։

Շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին Կառավարական ամառանոց, սրբազանի խոսքով, ակնկալելով հանդիպել վարչապետ Փաշինյանին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ, իր հերթին, սոցիալական ցանցում գրել է, որ վարչապետը վաղ առավոտվանից աղետի գոտում է։

«Կառավարական ամառանոց երթով գնացող Վազգեն Գալստանյանին սա քաջ հայտնի է։ Հետևաբար երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի, քան սադրելը», - գրել է նա։

ՆԳՆ ոստիկանությունը հանրահավաքից առաջ հանդես էր եկել հորդորով՝ խստորեն պահպանել հասարակական կարգը։ ՔԿ-ից էլ նախազգուշացնում են, որ օրենքով սահմանված գործառույթների և պարտականությունների շրջանակներում ձեռնարկելու են անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ ակցիաների, հավաքների շրջանակներում հանցավոր բոլոր դրսևորումներին օպերատիվ և համակողմանի արձագանքելու, նմանատիպ գործողություններ կատարող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG