Մատչելիության հղումներ

Տեսանյութը ապացույց չէ. գլխավոր դատախազը՝ ընդդիմադիր պատգամավորի ծեծի գործով մեղադրյալ չլինելու մասին


Ինչո՞ւ օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում դաշնակցական պատգամավորի դաժան ծեծի գործով մեղադրյալ ոստիկան չկա։ Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին գլխավոր դատախազն այս բացատրությունը տվեց. - «Երբ որ ապացույցները բավարար կլինեն, որոշումը կկայացվի»։

Աննա Վարդապետյանի խոսքով՝ դեպքից մոտ կես տարի անց էլ ծեծի տեսանյութը դեռ ապացույց չէ, պետք է որոշակի ընթակարգերով անցնի, օրինակ՝ զննության ենթարկվի, կցվի գործին և այլն։

«Այսինքն՝ ի՞նչ պետք է լինի, որ ապացույց լինի», - հետաքրքրվեց պատգամավորը։

«Տիկին Խամոյան, եթե Ձեզ լրացուցիչ ապացույցների հետ կապված պարզաբանում է պետք, այս ֆորմատով չանենք», - ասաց Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազին օգնության հասավ ընդդիմադիր պատգամավորի ծեծի գործը մոտ կես տարի քննող քննչականի ղեկավար Արգիշտի Քյարամյանը. - «Գա, լսենք, շարունակենք քննությունը, և այո, ես չեմ ժխտում, դա հնարավոր էլ չի ժխտել, օբյեկտիվ կողմի գործողություններ արվել են, պարզ երևում է, այլ հարց է, թե դա ոնց է որակվելու։ Մեզ զրկել է իր շահերը պատշաճ պաշտպանելու մեր հնարավորությունից»։

Քննչականի ղեկավարը բացատրում էր՝ քանի որ պատգամավոր Աշոտ Սիմոնյանը հրաժարվում է գալ հարցաքննության, ոստիկանների արարքին գնահատական չեն կարողանում տալ։

«Մեր հարգելի գործընկերոջ ցուցմունքը կարևոր է արարքը որակելու համար, որովհետև եթե ոստիկանն ինքնին եկավ ու բռնություն գործադրեց առանց պատճառի՝ չարդացնելով ցանկացած տեսակի բռնություն եմ ասում, դա այլ կերպ է որակվում, իսկ եթե կա նախապատմություն, որը մեր տեսանյութերի զննությունից երևում է, որ կա, լրիվ այլ հանցակազմով է որակվում», - պնդեց Արգիշտի Քյարամյանը։

Ի՞նչ կապ ունի սա տեսանյութում պատգամավորին հարվածող ոստիկաններին մեղադրանք առաջադրելու հետ. հարցը տվող ընդդիմադիր Ագնեսա Խամոյանն անդրդվելի էր. - «Ունենք ընդդիմադիր պատգամավոր, ունենք տեսանյութեր, որ ամբողջ հանրապետությունը տեսել է՝ ոնց են խմբով հարձակվում մեկի վրա, և չկա որևէ ոստիկան, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։

Խամոյանը նաև իշխանական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպը օրինակ բերեց։ Ընդդիմադիր ակտիվիստն ամիսներ առաջ ավտոբուսում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հասցեին։ Նրան շատ արագ ձերբակալեցին ու մեղադրանք ներկայացրին։

«Միջադեպից մեկ ժամ հետո ընդդիմադիր ակտիվիստը ձերբակալվել է, որից հետո նոր պատգամավորի կողմից հաղորդում է ներկայացվել։ Հիմա Դուք ասում եք՝ ապացույցները պետք է զննվեն, իրավաբանական ինչ-որ նրբությունների մեջ եք մտնում։ Շատ լավ, ես ասում եմ՝ ինչո՞ւ երբ տեսանյութը վերաբերում է ընդդիմադիր պատգամավորին, ապացույց չէ, պետք է զննվի, բայց երբ վերաբերում է իշխանական պատգամավորին, բոլորովին այլ ընթացակարգ է», - հարցրեց Ագնեսա Խամոյանը։

Իսկ ծեծված պատգամավորը շարունակում է հրաժարվել հարցաքննությունից։

«Ի՞նչ է դա տալու ինձ, կարո՞ղ եք Դուք ինձ ասել, եթե գիտեք, որ մի բժիշկ, որ ապիկար է, իր մասնագիտությանը չի տիրապետում կամ տիրապետում է և բացառապես մարդկանց չի բուժում, առավել ևս այդ մարդը քեզ որպես կլիենտ հիպոկրատի երդմանը հավատարիմ չի մոտենալու, գնալու ես իր մոտ, ինքը կոծկելու է, քեզ համոզելու է, որ դու հիվանդ չես։ Այդ բժշկի մոտ կգնա՞ս, ես այս երկրում արդարադատություն իշխանությունից պահանջե՞լ...», - շեշտեց Աշոտ Սիմոնյանը։

Պատգամավորն ասաց՝ չի հավատում, որ գլխավոր դատախազն ու քննչականը իր հարցում արդար կլինեն, դրա ապացույցն է համարում նաև նրանց երեկվա բացատրությունները։

XS
SM
MD
LG