Ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Տեսախցիկներ պետական, համայնքային շենքերի վրա. կադրերն օնլայն ռեժիմով 24 ժամ պետք է հասանելի լինեն ոստիկանությանը։ Տեղական ու միջազգային կառույցների քննադատությունից հետո հանրային վայրերում տեսախցիկներով հսկողության մասին նախագիծը վերջնականապես չեղարկելուն զուգահեռ իշխանությունները նոր նախագիծ են շրջանառել։
Այս անգամ հեղինակը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն իր առաջարկը պայմանավորում է ահաբեկչության սպառնալիքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների, մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող հանցագործությունների աճով։ Իշխանական պատգամավորի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվում։
Ըստ նրա հեղինակած փաստաթղթի՝ ոստիկանությունը հասանելիություն կունենա նաև պետական սահմանի, օդանավակայանների, նկարահանվող ավտոկայանատեղիների վրա տեղադրված տեսախցիկներին։
Նախագծի դրական ու բացասական կողմերը՝ ըստ Սամվել Մարտիրոսյանի
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ անվտանգային սարքերն իսկապես լավ գործիք են հանցագործությունները կանխարգելելու, իրավախախտներին որոնելու և հայտնաբերելու համար, բայց մտահոգությունները պետք է փարատվեն։ Ըստ մասնագետի՝ առաջարկվող նախագծում չկան շատ կարևոր մեխանիզմներ հավաքագրվող տվյալները պահպանելու, դրանք ճիշտ օգտագործելու համար։
«Առաջինը՝ ո՞նց է ապահովվում այդ լրացուցիչ տեղադրված տեսախցիկների հենց լոկալ տեղում անվտանգությունը, երկրորդ՝ ո՞նց է ապահովվելու, որ այդ տվյալները կուտակվեն ոստիկանության ՊՈԱԿ-ում, որպեսզի հասանելի չդառնան թշնամի պետություններին», - հարցնում է անվտանգության փորձագետը, հավելելով՝ ի՞նչ երաշխիք, որ այդ տվյալները չեն օգտագործվի անօրինական նպատակներով նաև երկրի ներսում։
«Պետք է հստակ մեխանիզմներ ունենանք, որոնք թույլ չեն տա առաջինը՝ իշխանություններին օգտագործել օրինակ՝ քաղաքական հետապնդումների համար, երկրորդը՝ հստակ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա կոռուպցիոն օգտագործում», - նկատեց նա։
Ըստ մասնագետի՝ եթե հստակ մեխանիզմներ չլինեն, տեսախցիկներն ավելի մեծ վտանգ կներկայացնեն, քան կարող են օգուտ տալ պատգամավորի մատնանշած խնդիրները լուծելու գործում. - «Ոստիկանությունը սրբերի հավաքածու չէ չէ՞։ Չի կարող չլինել կաշառվող ոստիկան։ Չի կարող ինչ-որ մի պահի չլինել մի իշխանություն, որը չի ուզենա օգտագործել այս գործիքներն իր հակառակորդների դեմ»։
Գևորգ Հայրապետյանը ևս վտանգներ տեսնում է
Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ (CyberHub, dpHub) Գևորգ Հայրապետյանի գնահատմամբ՝ այս նոր նախագիծը նախորդի կրկնությունն է իր ողջ խնդիրներով, տարբերությունն այն է, որ այստեղ փոխված են սուբյեկտները. եթե նախկինում տնտեսվարողներն էին, ապա հիմա պետական կառավարման համակարգն է։
«Այս դեպքում սահմանափակվում են միայն պետական կառավարման համակարգի մարմիններով, պետական համայնքային հիմնարկներով կազմակերպություններով և տեղական ինքնակառավարման մարմիններով», - նշեց նա։
Հայրապետյանն ընդգծեց՝ նախագիծը չի համապատասխանում տվյալների մշակման սկզբունքներին, տվյալների հետ վարվելու կանոնների տեսանկյունից կան խնդիրներ։ Օրինակ՝ պետական և ոչ պետական ընկերությունները կարող են վճարել ոստիկանությանն ու ստանալ որևէ տվյալ. ինչո՞ւ՝ նախագծից պարզ չի դառնում։
Փորձագետը շեշտեց անձնական տվյալները պետք է մշակվեն օրինական և կոնկրետ նպատակներով։ Նախագծում նկարագրված չեն նաև մարդկանց այլ իրավունքներին միջամտությունը բացառող երաշխիքներ։ Օրինակ բերեց՝ ենթադրենք՝ օրեր շարունակ տեսահսկվող վայրում տեղի չի ունեցել հանցագործություն, բայց ոստիկանության ծառայողն ամեն րոպե ունենալու է այդ կառույցի ելումուտի, աշխատողների, քաղաքացիների տեսագրություններին հասանելիություն. - «Նախագիծը չունի որևէ կանոն, որը կապահովի նախագծի նպատակներից դուրս մարդկանց տվյալների օգտագործման արգելքը»։
Տեսահսկման նախորդ նախագիծը, որ խորհրդարանում առաջին ընթերցում էր անցել, տևական քննադատությունից հետո վերջնականապես շրջանառությունից հանվեց երեկ։ Պարզ չէ՝ այս մեկի քննարկումը երբ կսկսվի։