Մատչելիության հղումներ

Թեհրանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ


Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչի, արխիվ
Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչի, արխիվ

Երևանը գնահատում է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։

Կոստանյանը նաև հայտնել է, որ Ռավանչիի հետ այս համատեքստում մտքեր են փոխանակել վերջին զարգացումների շուրջ։

Հեռախոսազրույցի մասին նաև Իրանի փոխարտգործնախարարն է X-ում գրառում կատարել՝ վերահաստատելով Թեհրանի «մեծ ցանկությունը»՝ ամրապնդել հարաբերությունները բոլոր հարևանների հետ։

«Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ», - գրել է Ռավանչին՝ ընդգծելով, որ ընդունել է Երևան այցելելու Կոստանյանի հրավերը։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Իրանն էլ իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Նախօրեին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց և շեշտեց՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG