Մատչելիության հղումներ

Երևանն ու Թեհրանը հերքում են Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը


Իրանի և Հայաստանի դրոշները
Իրանի և Հայաստանի դրոշները

Պաշտոնական Երևանն ու Թեհրանը հերքում են Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը։

Iran International հեռուստաալիքը նախօրեին պնդել էր, թե Հայաստանը և Իրանը շուրջ 500 միլիոն դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր են կնքել: Կայքի փոխանցմամբ՝ այդ գործարքի շրջանակներում Թեհրանը Երևանին է մատակարարելու «Շահեդ 136», «Շահեդ 129», «Շահեդ 197» դրոններ, օդային պաշտպանության հրթիռային համակարգեր և այլն:

«Ազատությանը» հարցմանն ի պատասխան, սակայն, Հայաստանում Իրանի դեսպանատնից այսօր հերքեցին այս տեղեկությունը։ Դեսպան Մեհդի Սոբհանին պնդում է՝ հրապարակումը իրականությանը չի համապատասխնում, Սոբհանիի համոզմամբ՝ այդ տեղեկատվության աղբյուրը ոչ հավաստի մի լրատվամիջոց է, որը հայտնի է Իրանի մասին միակողմանի վերլուծություններով և ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու պատմությամբ:

Դեսպանն ընդգծում է, որ այդօրինակ տեղեկություն տարածելու նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա: Հայաստանում Իրանի դեսպանը շեշտում է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման հաստատմանը:

Հայաստանի Ռազմական գերատեսչությունն նույնպես հերքել է Iran International-ի տեղեկությունները՝ իր հերթին հայտարարելով, որ «մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չեն արձագանքում»։

Ըստ լրագրողի՝ Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագիրը կնքվել է նախորդ ամիսներին

Մինչև Երևանի ու Թեհրանի այս հերքումը, ադրբեջանական լրատվամիջոցները արդեն 2 օր է ակտիվորեն շրջանառում են Իրանի կողմից Հայաստանի շուրջ 500 միլիոն դոլարի սպառազինություն վաճառելու տեղեկությունը, պնդելով, թե Հայաստանը շարունակ զինվում է։

Սքրինշոթ Iran International կայքից
Սքրինշոթ Iran International կայքից

Iran Internatioanl-ի հոդվածի հեղինակը կանադացի-իրանցի լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ Նեգար Մոջթահեդն է, ով պնդում է, թե ձեռք են բերել սպառազինությունների ցուցակը, որոնք Իրանն առաջիկայոմ պետք է մատակարարի Հայաստանին։

Լրագրողը, հղում անելով Մերձավոր Արևելքի բարձրաստիճան մի զինվորականի, պնդում է, թե Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագիրը մի քանի մասից է բաղկացած և կնքվել է նախորդ ամիսներին։ Ըստ հրապարակման, դրոններից ու պաշտպանական հրթիռային համակարգերից բացի, ռազմական պայմանագիրը ենթադրում է նաև հետախուզության ոլորտում համագործակցություն, բազաների տեղակայում Հայաստանի տարածքում, և այլև։

Փորձագետները կասկածի տակ են դնում այս տեղեկությունը

Փորձագետները, սակայն, կասկածի տակ են դնում այս տեղեկությունը։ Իրանի հարցերով ռուս փորձագետ Նիկիտա Սմագինը, որ համգործակցում է նաև Կարնեգի հիմնադրամի հետ, տելեգրամյան իր ալիքում նշում է, թե նախ Լոնդոնում տեղակայված քարոզչական ընդդիմադիր կեցվածք ունեցող Iran ineternatioanl հեռուստաալքիը որևէ վստահություն չի ներշնչում։

«Եվ երկրորդ ու ամենկարևորը, իրանական նորագույն զենիթահրթիռային համակարագերը՝ «Խորդադ 3»-ը, «Մաջիդ»-ը, «Խորդադ 15», «Արմանը», ինչպես նաև «Շահեդ» կամիկաձե դրոնները մեղմ ասած իրենց արժեքով գերազացնում են 500 միլիոն դոլարը», - նշել է փորձագետը։

Ի դեպ, տարիներ առաջ, Iran Internatioanl հեռուստաալիքին էր անդրադարձել նաև հեղինակավոր The Guardian-ը:

Անգլիական պարբերականի հետաքննությունը ցույց էր տվել, որ Լոնդոնում տեղակայված այս լրատվամիջոցը ֆինանսավորվում է օֆշորային մի կազմակերպության կողմից, որի ղեկավարը Սաուդյան Արաբիայից մի գործարար է։ Վերջինս էլ սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի հետ։

Guardian-ը գրել էր, որ այս բացահայտումը մտահոգություններ է առաջ բերում Iran Inetrnatianl խմբագրական անկախության ու անաչառության վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG