Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր ասաց. «Եթե նայենք Սահմանադրության կարգավորումներով, ըստ էության, այն ժամկետը, որը ենթադրում է ընտրությունները, դա եկող տարվա հունիսի 2-12 միջակայքն է: Այսինքն՝ այդ տասնօրյակն է, որ պետք է ընտրություններ տեղի ունենան»: Հովակիմյանի խոսքով՝ թեև դեռ նախագահի հրամանագիրը չկա, սակայն, ակնկալվում է, որ ընտրությունները հունիսի 7-ին տեղի կունենան.
«Գիտեք, ընտրությունները նշանակում է նախագահը, այսինքն՝ նախագահի հրամանագիրը դեռևս չի եղել: Բայց բոլորը ընտրությունների օրը կարելի է ասել արդեն «արձանագրած» ընթանում են առաջ, այն է, որ օրը հունիսի 7-ն է։ Ինչո՞վ է դա պայմանավորված, որովհետև իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն՝ եթե նախագահը որոշի աշխատանքային օր նշանակի, շղթայական իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան: Բայց, երբ նախագահը կնշանակի, այդ ժամանակ նոր մենք կունենանք պաշտոնապես նշանակված ընտրություններ»:
«Ես իմ քաղաքական չեզոքությունը 2022թ հոկտեմբերի 7-ից չեմ խախտել, չեմ խախտելու, քաղաքական հայտարարություն, քաղաքական ելույթների վերաբերյալ գնահատական ես չեմ տալու»,- «թվեր նկարելու» հարցին ի պատասխան արձագանքեց ԿԸՀ նախագահը, հավելելով՝ «Ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու։ Քաղաքական ուժերը թող մրցեն, մեր խնդիրն է, որ ընտրողի քվեն ճշգրիտ արձանագրվի, քվեարկությունը, ընտրական պրոցեսը տեղի ունենա ազատ և գաղտնի»։