Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կրկին ցույց է անցկացվել. զուգահեռ ԵՄ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնություններից


Թբիլիսիում ընդդիմադիրները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան: Երկրի խորհրդարանի մոտ բողոքի ցույց էր, որը, ի տարբերություն երեկվա, խաղաղ է ընթացել:

Երեկվա իրադարձություններից և նախագահական նստավայրի գրոհի փորձից հետո ՆԳՆ-ում հայտարարել են, որ ցանկացած ակցիա այսօր և առաջիկա օրերին կդիտարկվի որպես գիշերային իրադարձությունների շարունակություն, և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը նախօրեին դատապարտել էր ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը, կոչ է արել մասնակցել ցույցին:

Զուգահեռ կոչով է հանդես եկել Եվրամիությունը: Բրյուսելից Վրաստանի իշխանություններին կոչ են արել ապահովել քաղաքացիների հավաքների և ազատ արտահայտման իրավունքը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հոկտեմբերի 5-ին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից նախորդ օրվա ՏԻՄ ընտրություններից և դրան հաջորդած իրադարձություններից հետո։ ԵՄ առաջնորդները հորդորել են բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից։

Հայտարարությունը ստորագրել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են կարծիքի արտահայտման ազատության վրա լայնածավալ ճնշումների ֆոնին։

«Անկախ ԶԼՄ-ների դեմ մի քանի ամսվա արշավանքները, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենքների ընդունումը, ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հօգուտ իշխող կուսակցության կտրուկ սահմանափակել են մրցակցային ընտրությունների անցկացման հնարավորությունը», - նշել եմ ԵՄ առաջնորդները։

Վրաստանի ԿԸՀ-ից փոխանցել են, որ քվեարկությունն անցել է հանգիստ և, ընդհանուր առմամբ, առանց խախտումների: Միաժամանակ, ընտրություններին մասնակցած ընդդիմադիր կուսակցությունները հայտնել են հարյուրավոր խախտումների մասին:


XS
SM
MD
LG