Թբիլիսին խիստ քննադատում է Երևանում անցկացված Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Վրաստանի իշխանությունների դեմ ընդունված բանաձևը: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին նաև հայ պատգամավորներին է մեղադրել՝ հայտարարելով, թե նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը:
«Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստանում էր և տարբեր հանդիպումներ է ունեցել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ։ Աջակցելով մի բանաձևի, որը պնդում է, թե Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ, նրանք անվստահություն են հայտնում իրենց իսկ վարչապետին», - ասել է վրացի պաշտոնյան՝ հավելելով, թե իր բերած փաստարկը միայն բավարար է ցույց տալու՝ որքան իմաստազուրկ ու անբովանդակ է այդ բանաձևը, որի միակ նպատակն է հերթկան աղյուսը դնել Վրաստանին վնասելու գործում:
Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ազատությանը» փոխանցեց.
«Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության թե՛ կառավարող ուժի, թե՛ ընդդիմադիր պատգամավորները կողմ չեն քվեարկել Վրաստանին վերաբերող փոփոխությունների առաջարկներին։ Վրաստանին վերաբերող այդ փոփոխություններին Հայաստանի պատվիրակության անդամները կա՛մ ձեռնպահ են քվեարկել, կա՛մ չեն մասնակցել քվեարկությանը առհասարակ։ Միայն մեկ առաջարկ է եղել, որը վերաբերել է «Հարավային Օսեթիա» բառերը «Ցխինվալիի շրջան» բառերով փոխարինելուն, որին Հայաստանի պատգամավորներից մի քանիսը կողմ են քվեարկել։ Բոլոր փոփոխությունների քվեարկությունից հետո քվեարկության է դրվել ամբողջական բանաձևը, որը Հայաստանի համար կարևոր դրույթներ ուներ՝ այդ թվում կառավարող ուժի պատգամավորների առաջարկությամբ բանաձևի նախագծի մեջ ներառված դրույթները։ Այդ դրույթներն են՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին աջակցություն հայտնող դրույթը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա ապաշրջափակման շուրջ վերահաստատված համաձայնությանը աջակցություն հայտնող դրույթը, Թրիփ նախագծին աջակցություն հայտնող դրույթը, սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը ընդգծող դրույթը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման կոչ անող դրույթը, Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը հասցեագրել պահանջող դրույթը։ Հայաստանի պատվիրակությունը չէր կարող ձեռնպահ կամ դեմ քվեարկել մի բանաձևի, որը իր մեջ պարունակում էր ահա այսպիսի դրույթներ»:
Եվրոպական կառույցները Վրաստանի իշխանություններին քննադատող բազմաթիվ բանաձևեր ու հայտարարություններ են ընդունել:
Դժգոհություն հարուցած երևանյան փաստաթուղթը կեղծված է որակում Վրաստանի անցած տարվա խորհրդարանական ընտրությունները, կառավարող «Վրացական երազանք» կուսակցությանն անվանում ինքնահռչակ իշխանություններ: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը դատապարտում է Թբիլիսիում խաղաղ բողոքի ակցիաների դաժան ճնշումը, ցուցարարների, լրագրողների, քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Հակառակ դեպքում եվրոպացի օրենսդիրները զգուշացնում են, որ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ն է պատասխանատվությունը կրելու, եթե կասեցվի վրացիների համար ազատ վիզային ռեժիմը Շենգեն գոտու տարածքում:
Երևանում ընդունված բանաձևը, սակայն, միայն Վրաստանի մասին չէ, «Արևելյան գործընկերության ապագան և Եվրամիության ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարները, դեպի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության անհրաժեշտություն» վերնագրով փաստաթղթում խիստ քննադատություն կա Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից Բելառուսում բռնաճնշումներին, հայ-ադրբեջանական խաղաղությանը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը և այլն:
«Վրացական երազանք»-ը ի սկզբանե էր բոյկոտել Եվրանեսթի երևանյան հավաքը՝ խորհրդարանական պատվիրակություն չգործուղելով Հայաստան: Նստաշրջանին ընդառաջ Թբիսլիին հայտարարել էր, թե «Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին»։ Վրացական կողմը, մասնավորապես, դատապարտել էր Եվրախորհրդարանի պատգամավորների մասնակցությունը Թբիլիսիում խորհրդարանի առջև ընդդիմության ցույցերին: