Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ատելության քարոզ անելու համար: Քարոզարշավի օրերին այլախոհներին, արցախցիներին թիրախվորելը, ըստ նախկին ՄԻՊ-ի, ամենալավն է ցույց տալիս, որ նրա սրտիկները կեղծ են:
«Այս իշխանությունն իրականում կապ չունի Եվրոպայի հետ: Ինչ խնդիրներ որ նախկինում եղել են, դրանք ավելի այլասերված ձևով հիմա են», - պնդեց Հայաստանի նախկին օմբուդսմենը:
Իշխանության համար պայքարող Թաթոյանը կարծում է, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը խաղաղության թեմայից ատելության վերաճեց, քանի որ այս օրերին նա համոզվեց, որ չունի այն վարկանիշն ու աջակցությունը, ինչ նախորդ ընտրություններում է եղել:
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր»-ը այսօր Էջմիածնում է: Նրանք քայլում են փողոցներով, շրջում են, զրուցում էջմիածինցիների հետ ու ներկայացնում իրենց ծրագիրը: Էջմիածինցիներից մեկը դժգոհեց, որ ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել: