Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Դոնեցկի մարզի գյուղին ռուսների հարվածի հետևանքով

Լրացված

Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածի հետևանքները Դոնեցկի մարզի Յարովայա ավանում, 9-ը սեպտեմբերի, 2025թ.
Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածի հետևանքները Դոնեցկի մարզի Յարովայա ավանում, 9-ը սեպտեմբերի, 2025թ.

Դոնեցկի մարզի Յարովա գյուղում ռուսական զինուժի հարվածից առնվազն 23 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 18-ը՝ վիրավորվել: Նրանց մեծ մասը տարեցներ են, որոնք ավիառումբի հարվածի պահին եղել են կենսաթոշակների բաշխման կետում՝ իրենց կենսաթոշակները ստանալու:

Ուկրաինայի նախագահն ԱՄՆ-ին, Եվրոպային կոչ է արել համարժեք արձագանքել հարվածներին: «Ռուսները շարունակում են կյանքեր կործանել՝ խուսափելով նոր խիստ պատժամիջոցներից … Աշխարհը չպետք է լռի … Անհրաժեշտ են կոշտ գործողություններ, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի մահ սփռելը», - սոցցանցում գրել է նա։

Երեկոյան ուղերձում էլ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել է հարվածները հատկապես Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Ռուսները հիմա կրկին կենտրոնացնում են հարվածները մեր էներգետիկ ոլորտի վրա: Իհարկե, մենք պատասխանում ենք այդ հարվածներին և կշարունակենք պատասխանել, բայց գլխավոր առաջնահերթությունը համակարգի կայունությունն է», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

АBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում էլ Զելենսկին նշել է, թե Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ասել է, որ մտադիր է երկու-երեք ամսում, առավելագույնը մինչև այս տարվա վերջ, գրավել Դոնբասը։ Պուտինն այս մասին հրապարակավ չի հայտարարել, Ուկրաինայի նախագահն էլ չի նշել իր տեղեկության աղբյուրը, միայն ընդգծել է՝ Ռուսաստանը բարձր գին կվճարի դրա համար՝ 2-3 մլն մարդկային կյանք:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, անդրադառնալով այսօրվա հարձակմանը, սոցցանցում հարցադրում է արել, թե արդյո՞ք սա նկատի ունի Ռուսաստանը, երբ խոսում է խաղաղության մասին:

«Ե՞րբ է Ռուսաստանը դադարեցնելու մարդկանց սպանելը: Ե՞րբ է նախագահ Պուտինը համաձայնելու սկսել խաղաղության շուրջ բանակցությունները, ինչին նախագահ Զելենսկին արդեն իսկ համաձայնել է», - գրել է Կոշտան:

Մինչ Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինային, Եվրամիությունը և ԱՄՆ-ը քննարկում են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, որպեսզի Վլադիմիր Պուտինին ստիպեն դադարեցնել Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը:

ԵՄ պատժամիջոցների հարցերով դեսպան Դեյվիդ Օ'Սալիվանի գլխավորած պատվիրակությունը երեկ Վաշինգտոնում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է պատժամիջոցների, այդ թվում՝ ռուսական նավթը գնող երկրների ապրանքների համար մաքսատուրք սահմանելու հարցը:

Ըստ Associated Press-ի՝ ամերիկացիներն ընդգծել են, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է դիմել պատերազմը դադարեցնելու վճռական գործողությունների, սակայն Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ եվրոպացիները լիովին կաջակցեն իր գործողություններին:

France-Press-ը հաղորդում է, որ Ֆրանսիան և Գերմանիան առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության և դրա առևտրային ստորաբաժանման՝ «Լիտասկո»-ի նկատմամբ, որը գործում է նաև Եվրոպայում: Նաև կոչ են արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանից դուրս գտնվող այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են պատժամիջոցները շրջանցելու հարցում Մոսկվային օգնելու մեջ, ներառյալ ավելի շատ սահմանափակումներ բանկերի նկատմամբ։

Եվրամիության անդամ առաջատար երկրները, ըստ գործակալության, նաև կողմ են մաքսատուրքեր սահմանելուն երրորդ երկրների նկատմամբ, որոնք նպաստում են ռուսական նավթի արտահանմանը ԵՄ։

Financial Times-ը գրում է, որ Կիևի արևմտյան դաշնակիցները քննարկում են ԱՄՆ աջակցությամբ Ուկրաինայի օդային պաշտպանությունը կտրուկ ուժեղացնելու հնարավորությունը` «օդային վահան» ստեղծելու միջոցով, որը կարող է փակել Ուկրաինայի երկինքը ռուսական անօդաչուների, բայց ոչ բալիստիկ հրթիռների համար։

Ըստ թերթի՝ Եվրոպան փորձում է Թրամփին համոզել, որ նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ և օգնի Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիային, որոնք մտադիր են անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին խաղաղության հաստատումից հետո:

Սակայն կոալիցիային միացածներից շատերը, այդ թվում՝ Գերմանիան, չեն ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա, քանզի Ռուսաստանը դեմ է դրան, ինչը կարող է Մոսկվային ևս մեկ առիթ տալ հրադադար չհաստատելու համար: Եվրոպացիները հասկանում են սա և փորձում են այլ ուղիներ գտնել՝ ի դեմս օդային վահանի, պարզաբանում է թերթը:

Financial Times-ը նաև նշում է, որ Ուկրաինան այժմ հակաօդային պաշտպանության զենքի պակաս ունի, ինչն առաջացավ, երբ Պենտագոնի կողմից ռազմական օգնության վերանայումը հանգեցրեց մատակարարումների դանդաղեցման հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանն ուժեղացնում է օդային հարձակումները:

Գերմանիայի կանցլերն այս ֆոնին հայտարարել է, թե Եվրոպան չպետք է և չի կարող ակնկալել, որ ԱՄՆ-ը կշարունակի կրել Եվրոպայի անվտանգությունն ապահովելու բեռը։ Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ԱՄՆ-ը մնում է Եվրոպայի ամենակարևոր գործընկերը, սակայն ակնհայտ է, որ այս գործընկերությունը փոխվում է:

«Մենք պետք է առերեսվենք մեկ փաստի՝ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ փոխվում են։ ԱՄՆ-ը նույնպես վերագնահատում է իր շահերը, և դա անում է արդեն որոշ ժամանակ։ Հետևաբար, մենք Եվրոպայում նույնպես պետք է ճշգրտենք մեր շահերը՝ առանց կեղծ կարոտախտի», - նշել է Մերցը:

Կանցլերը հավելել է՝ ստեղծված իրավիճակը հաստատում է, որ Եվրոպան պետք է ինքն ապահովի իր անվտանգությունը, քանզի ամեն բան վկայում է, որ Պուտինի իմպերիալիստական ծրագիրը չի ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ, այլ միայն կսկսվի դրանով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG