Ինչո՞ւ 110 տարի անց էլ Թուրքիան չի ճանաչում հայերի ցեղասպանությունը։ Սա միլիոն դոլարանոց հարց է, ըստ թուրք պատմաբան Թաներ Աքչամի, շատ պարզունակ պատասխանով. թուրք գիտնականներից առաջինը, որ ոչ միայն ճանաչել, այլ նաև բազմաթիվ գրքեր ու հոդվածներ է հեղինակել Հայոց ցեղասպանության մասին, վստահ է՝ Օսմանյան կայսրություն ժառանգած թուրքական նոր պետությունը տագնապներ ունի՝ ի՞նչ հատուցում կպահանջվի, ի՞նչ լույսի ներքո կներկայացվի թուրքական ինքնությունը։
«Հիմնական գործոնը՝ հատուցում և փոխհատուցում։ Եթե դուք ընդունում եք պատմական ապօրինությունը, անգամ եթե չենք անվանում այն ցեղասպանություն, բայց անվանում եք մարդկության դեմ հանցագործություն, ռազմական հանցագործություն... Եթե որևէ երկիր ընդունի, որ պատմության մեջ եղել է ապօրինի անցյալ, ապա բոլորը կասեն նրան՝ ուրեմն ուղղեք դա։ Դարձեք ավելի լավը: Այսպիսով, Թուրքիան այնքան էլ վստահ չէ, թե որն է լինելու այդ հանցագործության փոխհատուցումը։ Սա է գլխավոր խնդիրը: Անվտանգությունը, չիմանալը՝ ինչ է լինելու հետո», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Աքչամը:
Երկրորդ կարևոր պատճառը, նշեց թուրք գիտնականը, կապված է թուրքական ինքնության հետ. - «Յուրաքանչյուր ազգ հպարտանում է իր հիմնադիր հայրերով: Եվ յուրաքանչյուր ազգ հերոսների կարիք ունի: Եվ Թուրքիայի դեպքում, եթե սկսենք խոսել հիմնադիր հայրերի մասին, ապա կտեսնենք, որ մեր հիմնադիր հայրերի մեծ մասը կա՛մ ներգրավված է եղել հայերի սպանության մեջ, կա՛մ հարստացել է հայկական ունեցվածքը թալանելով: Ահա Թուրքիայի երկընտրանքը»։
Հայկական ցեղասպանության և թուրքական պատասխանատվության մասին տասնամյակներ շարունակ բարձրաձայնող թուրք պատմաբանը եզրակացնում է՝ եթե այսօր Թուրքիան ընդունի, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, ուրեմն պետք է անջրպետ դնի իր և հիմնադիր հայրերի միջև: Գերմանիան անցավ այդ ճանապարհը՝ ընդունելով նացիստ նախնիների իրականացրած հրեաների Հոլոքոսթը, ինչը փաստացի օրինակ կարող էր լինել թուրքերի համար, «Ազատության» այս դիտարկմանը թուրք պատմաբանի պատասխանը կարճ է՝ միանշանակ է, թուրքերը ևս կարող են անել, դա դժվար չէ, բայց սատանան մանրուքների մեջ է։
«Պետք է ստեղծել ժողովրդավարական պայմաններ։ Միացյալ Նահանգներում դուք կարող եք ազատորեն խոսել, որ իրենց հիմնադիր հայրերից ոմանք ցեղասպանություն են արել: Նրանք մասնակցել են բնիկ ամերիկացիների դեմ հանցագործության կազմակերպմանը: Ոմանք ստրկատերեր էին: Նույնիսկ Սպիտակ տունը կառուցել են ստրուկները։ Բայց սա Ամերիկայի ժողովրդավարության մասին է, խոսքի ազատություն կա, դուք կարող եք ազատորեն խոսել այս մասին: Թուրքիայում մենք չունենք այս ազատությունը, չունենք խոսքի ազատություն և չենք կարող ազատ խոսել Հայոց ցեղասպանության մասին», - ընդգծեց Թաներ Աքչամը:
Հենց իր խոսքի ու գրի համար բազմաթիվ ճնշումների ենթարկված, ձերբակալված, տասը տարվա ազատազրկման դատապարտված ու Գերմիանիայում ապաստանած Աքչամն այսօր դասավանդում է ամերիկյան Քլարքի համալսարանի՝ Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնում։ Մեկ շաբաթ է Հայաստանում է, ելույթներ է ունենում համալսարաններում, մասնակցել է իր վերջին
«Ցեղասպան պետության ակունքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։
Օսմանյան կայսրության մայրամուտի և նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության ձևավորման պատմությունը ներկայացնելիս ուշագրավ դրվագներ է ներկայացրել Աքչամը՝ ինչպես է ձևավորվել ապարտեիդի ռեժիմը։ Հստակ օրինակներ բերելով՝ ցույց է տվել, թե ինչպես են ազգային փոքրամասնությունները համարակալվել։
«2013 թվականին Ստամբուլի հայ-թուրքական «Ակոս» թերթը հայտնաբերեց մի փաստաթուղթ, որից մենք իմացանք, որ նրանք արդեն դասակարգել էին մարդկանց, մշակել էին քաղաքացիների կոդավորման համակարգը: Հույներն իրենց ծննդյան վկայականի մեջ ստանում են առաջին համարը, հայերը՝ երկրորդը, իսկ հրեաները՝ երրորդը: Այսպիսով, անկախ նրանից, թե դուք թուրքական անուն ունեք, իսլամ եք ընդունել, դա կարևոր չէ, ձեր ծննդյան վկայականում դուք ունեք երկրորդ համարի կոդավորումը, և թուրքական կառավարությունն արդեն գիտի, թե որ էթնիկ խմբին եք պատկանում: Եվ այդ դեպքում հայերի համար պետության բարձրագույն էշելոնում՝ Սահմանադրական դատարանում, Վճռաբեկ դատարանում կամ անվտանգության ուժերում և բանակում բոլոր կարևոր պաշտոնների և աշխատատեղերի համար դռները փակ են», - նշեց թուրք գիտնականը:
Պատմաբանի խոսքով՝ Թուրքիայում օրենքների և կարգավորումների առումով ապարտեիդի՝ ռասայական խտրականության ռեժիմ է, որի հիմքերը դրվել են Թուրքիայի ստեղծման հենց սկզբից. հիմա էլ կա այդ բուրգը, որտեղ գագաթին միայն մահմեդական թուրքերն են, իսկ քրիստոնյաները՝ ստորոտին: