Մատչելիության հղումներ

Արդեն 9 ժամ է՝ հայկական կողմը որևէ նորություն չի հայտնել ադրբեջանական կողմում հայտնված պատանիների մասին


Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ կետերը Սյունիքի Տեղ բնակավայրի մոտ, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ կետերը Սյունիքի Տեղ բնակավայրի մոտ, արխիվ

«Թուրքերը բռնել են տարել են». - Ադրբեջանում հայտնված անչափահասների լուրը ցնցել է ողջ Տեղ համայքը: Պատանիներն առևանգվե՞լ են, գերեվարվե՞լ, թե՞ մոլորվել ու հայտնվել ադրբեջանական կողմում, բնակավայրում հստակ չգիտեն։ Միայն լսել են, որ տղաները վերջին անգամ գյուղի արոտավայրում են եղել՝ ոչ հեռու ադրբեջանական դիրքերից։

«Ժամի 1:30 են գնացել երեխեքը ձիով: Դե գնացել են, տարել են, էլի», - «Ազատությանն» ասաց Տեղ համայնքի Արավուս գյուղից Ֆելիքս Ավագյանը:

Ավագյանը հովիվ է, չորս տարի առաջ էլ նա էր ադրբեջանցիների ձեռքն ընկել, դեռ այն ժամանակ պնդում էր՝ արոտավայրի հայկական հատվածում է եղել, երբ ադրբեջանցի զինվորականներն իրեն պահանջել են լքել տարածքն ու հետո գերեվարել են։ Այսօր ասաց տեղյակ չէ՝ արդյոք տղաները մոլորվելու հետևանքով են հայտնվել սահմանի հակառակ կողմում։

Ազգային անվտանգության ծառայությունը կեսօրին հաղորդեց, որ Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ Արավուս գյուղի հատվածում գիշերը ժամը 1:20 մոլորվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական կողմում: ԱԱԾ-ն հրապարակել է նրանց անունները՝ 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, հայտնել էին Ազգային անվտանգության ծառայությունից՝ առանց այլ մանրամասների։

Հաղորդագրությունը հրապարակելուց մոտ 9 ժամ անց ԱԱԾ-ն որևէ նոր տեղեկություն չի հայտնել տղաների մասին, Բաքուն ևս լռում է, ու պարզ չէ՝ ինչ կարգավիճակում են նրանք Ադրբեջանում:

«Ազատությանը» Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման հիման վրա Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ դեպքից, Ազգային անվտանգության ծառայությունն է դրանով զբաղվում։ Նույն պատասխանն այսօր «Ազատությանը» տվել էր նաև տարածքային կառավարման նախարարը, որը համակարգում է նաև մարզերը:

Տեղ համայնքի կազմում 7 գյուղ է, 7-ն էլ` սահմանային։ Արավուսի արոտավայրերը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, մոլորվել են անչափահասները, ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր են հեռու։

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն «Ազատությանը» փոխանցեց, որ տղաներն արոտավայր էին գնացել ձիերի հետևից:

«Երկուսն էլ երիտասարդ տղերք են, 12-րդ դասարանն ավարտած։ Երեխեքը նստել են ձիերը, որ գնան իրենց ձիերի հետևից, էլի՝ դիմացի պոստերի տակից բերելու։ Գնացել են, բռնվել են, էլի, փաստորեն», - ասաց Հովսեփյանը:

Պատանիների հարազատները հրաժարվում են խոսել, տրամադրություն չունեն։ Ծնողներն, ըստ տեղացիների, տագնապով լուրի են սպասում։

Անցած տարեվերջին էլ գյուղի հովիվներից մեկն էր ադրբեջանական կողմում հայտնվել, նա ևս վերադարձվել էր։ Ըստ գյուղացիների՝ սահմանի այս հատվածը տարանջատված չէ, կողմնորոշիչ փշալարեր չկան։

Ընդդիմադիր պատգամավոր. Պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է

«Զինվորական կանոնակարգերը սահմանում են, թե միջդիրքային տարածությունը ինչպես պետք է կահավորվի, ինչ պետք է լինի, որպեսզի այսպիսի իրավիճակ չստեղծվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով. - «Դուք պատկերացնո՞ւմ եք առաջնագծի իրավիճակը, հատկապես՝ մերձակա բնակիչների կամ սահմանամերձ բնակիչների անվտանգության տեսանկյունից, երբ որ հնարավոր է եղել այնտեղից ելումուտ ապահովել»:

Աբրահամյանը սա խնդիր է համարում ու քննադատում իշխանությանը սահմանի այս հատվածում նվազագույն կահավորման աշխատանք չիրականացնելու համար։ Ըստ նրա՝ տեղում առնվազն նվազագույն կահավորում պետք է լիներ, քանի որ նման առաջին դեպքը չէ, երբ գյուղացիները հայտնվում են սահմանի այն կողմում։ 2020-ի պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի մարզի գյուղերից ոչ միայն բնակիչներ են ադրբեջանական կողմում հայտնվել, այլև զինվորականներ։

Աբրահամյանը պատանիների առևանգման համար պատասխանատու է համարում երկրի ռազմաքաղաքական իշխանությանը։ Ըստ պատգամավորի՝ Պաշտպանության նախարարությունն առաջնագծի փիլիսոփայությունը կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո է դիտարկում։

«Թե ինչի է առաջնագիծը էդ փիլիսոփայության մեջ կահավորվել կամ կառուցվել, դա ինքնին, բնականաբար, առաջին պատասխանատուն հենց ռազմաքաղաքական ղեկավարությունն է: Եվ տպավորություն է ստեղծվում, որ մեր հարևանությամբ ոչ թե այն երկիրն է, որ մեր նկատմամբ ունի տարածքային պահանջներ, որ մեր դեմ կիրառում է ագրեսիվ հռետորաբանություն, այլ մի քաղաքակիրթ եվրոպական երկիր, որի հետ պարզապես հարաբերություններ չկան: Եվ այս պայմաններում Հայաստանի իշխանությունն է, որ ևս մեկ ազդանշան է ուղղում հասարակությանը առ այն, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խիստ խոցելի են», - պնդեց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը:

Պաշտպանության փոխնախարարն այսօր Ազգային ժողովում ոչ այս դեպքին անդրադարձավ, ոչ էլ սահմանի կահավորմանը։ «Ազատություն»-ը փորձեց նաև պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի իշխանական անդամներից մեկնաբանություն ստանալ: Նրանցից ոմանք հրաժարվեցին խոսել, մյուսներն էլ անարձագանք թողեցին հեռախոսազանգերը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG