Մատչելիության հղումներ

Ստվերի մասին տեղեկություն ստուգելու լրագրողների գործիքներից մեկն այլևս հասանելի չէ


Հայաստանյան ընկերություններում ստվերի ծավալի վերաբերյալ տեղեկություն ստուգելու լրագրողներին հասանելի հիմնական գործիքներից մեկն այլևս հասանելի չէ: Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում հնարավոր էր այս կամ այն ընկերության տվյալներով պարզել, թե որքան պարտադիր դրոշմանիշային վճար են կատարել իրենց աշխատակիցների համար ու մոտավոր պատկերացում կազմել, թե գրանցված քանի աշխատակից ունեն:

Այս գործիքը հատկապես օգտակար էր լրագրողների համար. հետաքննություններ պատրաստելիս այս կայքի միջոցով լրագրողները հնարավորություն ունեին ընդհանուր պատկերացում կազմել, թե այս կամ այն ընկերության աշխատակիցների որ մասն է գրանցված ու որն է ստվերում: Գրանցված աշխատակիցների համար այս վճարները պարտադիր են:

Հիմնադրամի կայքում մի քանի ընկերության տվյալներով փնտրելիս նույն պատասխանը ստացանք՝ «Ձեր ընտրած որոնմանը համապատասխան արդյունքներ չեն գտնվել»: Պարզաբանումների համար դիմեցինք հիմնադրամ, հայտնեցին՝ այս տվյալներն այլևս հասանելի չեն ու հորդորեցին Պետական եկամուտների կոմիտե դիմել: ՊԵԿ-ից էլ արձագանքեցին, թե իրենք հիմնադրամի կայքի հետ առնչություն չունեն:

Այլ պարզաբանումներ առայժմ չենք ստացել:

Այսպիսով՝ մինչ իշխանությունները ստվերի դեմ պայքարի կարևության մասին հայտարարություններ են անում լրագրողները զրկվում են ստվերը բացահայտելու հասանելի գործիքներից մեկից:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG