Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երկրորդ օրն է՝ չի արձագանքում իր պաշտոնանկության հարցով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությանը: Այսօր էլ Կառավարության նիստից անմիջապես հետո շենքից հեռացավ աննկատ՝ նախընտրելով չհանդիպել լրագրողներին:
Իսկ «Քաղաքացիական պայմանագրում» մի քանի օր է՝ ստորագրահավաք է: Նախաձեռնության հեղինակներից մեկն, «Ազատության» տեղեկություններով, պատգամավոր Արփի Դավոյանն է, բայց նա երկրորդ օրն է՝ ոչ խորհրդարանում է, ոչ էլ զանգերին է պատասխանում: Հեղինակներից մյուսը՝ Լուսինե Բադալյանը, պնդում է, թե ինքը ստորագրահավաքի հետ կապ չունի, բայց չի թաքցնում՝ Գրիգոր Մինասյանի աշխատանքից դժգոհ է:
«Ստորագրահավաքի նախաձեռնող ես, իհարկե, չեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» մինչ այժմ ովքե՞ր են միացել արդարադատության նախարարի պաշտոնանկությունը քննարկելու ստորագրահավաքին: Այս հարցին երկու օր է՝ հստակ պատասխան չի տրվում: «Ազատության» աղբյուրը, որ չցանկացավ ներկայանալ, հայտնեց՝ ստորագրահավաքին միացել են Լուսինե Բադալյանը, Նարեկ Զեյնալյանը, Էմմա Պալյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անդրանիկ Քոչարյանը, ինչպես նաև Գագիկ Մելքոնյանը: Ընդ որում՝ Գագիկ Մելքոնյանն այսօր հակառակն էր վստահեցնում:
Հատկապես ինչի՞ց են դժգոհ իշխանական պատգամավորները: ՔՊ-ականները կցկտուր խոսում են միայն Գրիգոր Մինասյանի կադրային քաղաքականությունից: Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որն այսօր լռությամբ էր արձագանքում ստորագրահավաքին միանալու մասին «Ազատության» հարցին, չթաքցրեց՝ իրեն ևս չի գոհացնում նախարար Մինասյանի կադրային քաղաքականությունը:
«Ես կարծում եմ, որ քրեակատարողականում տեղի է ունեցել սխալ նշանակում, այդքան բան», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը՝ հարցին, թե դա պատճառ կարո՞ղ է լինել նախարարին պաշտոնանկ անելու համար, արձագանքելով. - «Ամեն ինչ հնարավոր է»:
Քոչարյանը դժգոհ է մոտ տասն ամիս առաջ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում Ամբակում Գրիգորյանի նշանակումից, որը եղել է Մարտի 1-ի գործով քննիչ: Ու թեև նրան նշանակելու որոշում կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության հանձնաժողովի նախագահը շարունակում է քննադատել Գրիգոր Մինասյանին:
Մյուս նշանակումն էլ, որ անաղմուկ չանցավ, տարիներ առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին մասնակցած և Քոչարյանի գիրքը ձեռքին պահած լուսանկարված արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանինն է: Այս դեպքում էլ որոշում կայացնողը վարչապետն է, բայց քննադատության թիրախում՝ Մինասյանը:
Բացի այս նշանակումներից, է՞լ ինչն է առիթ դարձել ՔՊ-ականների դժգոհությանը: Գագիկ Մելքոնյանի համար հեշտ չէ գնահատել Մինասյանի աշխատանքը, պատգամավորն իր պատճառն ուներ. - «Իրա հետ չեմ աշխատում ես»:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին ՔՊ-ականներն անդրադարձել նաև մի շաբաթ առաջ կուսակցական նիստում, երբ կոռուպցիայի, նաև նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցերով ելույթներ են ունեցել հենց Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը:
Կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը, որ ներկա է եղել այդ նիստին, այսօր պնդում էր, թե Մինասյանի պաշտոնանկության մասին քննարկումններից տեղեկացել է մամուլից: Բայց Պապոյանը միակն էր, որ դրական խոոսեց Մինասյանի աշխատանքից. - «Ես կարծում եմ, լավ եմ գնահատում
40-ամյա Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման երկու տարին դեռ չի լրացել։ Թե քանի պատգամավորի ստորագրություն անհրաժեշտ կլինի, որ նրան հեռացնելու հարցը քննարկվի խմբակցությունում, հայտնի չէ։
Օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել արդարադատության փոխնախարարի պաշտոնից: «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: [...] Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար: Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ», - Ֆեյսբուքում գրել է Գևորգյանը:
Նախարարը նույն սոցիալական ցանցում արձագանքել է այդ գրառմանը. - «Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի»:
Մինասյանը համոզմունք է հայտնում, որ «պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»: