Կառավարության պնդմամբ՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով «Տաշիր» ընկերությունների սեփականատերերի միջանկյալ հայցը: Գործադիրը բուն որոշումը չի հրապարակել, միայն դրա վերաբերյալ կարճ հաղորդագրություն է տարածել պաշտոնական կայքում:
Ըստ դրա՝ Կարապետյանները միջազգային դատարանից պահանջել են հաստատել, որ Հայաստանը չի կատարել դեռ ամռանը Էլեկտրական ցանցերի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը, վերականգնել ՀԷՑ-ի լիցենզիան և ընկերության կառավարման մարմինների՝ աշխատանքից ազատված անդամների լիազորությունները, դադարեցնել պետության նշանակած ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Սեփականատերերը նաև պահանջել են արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։
«Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն», - ասված է հայտարարությունում։
Թե «Տաշիր» ընկերության սեփականատերերը այս հայցը երբ են ներկայացրել, չի հաղորդվում, բայց, քանի որ պահանջներից մեկը լիցենզիայի վերականգնումն է, ենթադրվում է՝ դա արել են նոյեմբերից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց ՀԷՑ-ի լիցենզիան: Հաղորդագրության մեջ միայն նշված է, որ արբիտրաժային տրիբունալը միջանկյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 24-ին:
Կառավարությունը, որ այդպես էլ չկատարեց ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող արբիտրաժային միջանկյալ նախորդ վճիռը, այս մի որոշումը ողջունում է. «Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից»։
Կառավարության հայտարարությանն արձագանքել է «Տաշիր» ընկերության փաստաբանական խումբը՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ ՀԷՑ-ի հարցով վեճը քննող արբիտրաժային կազմը հաստատել է, որ արտակարգ արբիտրի՝ մոտ կես տարի առաջ կայացրած որոշումը ենթակա է պարտադիր կատարման: Կարապետյանների փաստաբանները միաժամանակ չեն հստակեցնում՝ իրենց մյուս պահանջներն իսկապես մերժվե՞լ են, թե՞ ոչ: փոխարենն այլ մանրամասներ են ներկայացրել՝ կրկին առանց ամբողջական տեքստը հրապարակելու:
«Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։ Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը», - նշված է հայտարարությունում։
ՀԷՑ-ի հարցով բուն դատաքննությունը միջազգային դատարանում դեռ չի մեկնարկել, մինչև այս եղածները միջանկյալ որոշումներ են, որոնք ՀԷՑ-ի շուրջ գործընթացների վրա առայժմ ազդեցություն չեն ունեցել:
Թե երբ կմեկնարկի գործի հիմնական քննությունը, հայտնի չէ: Անհայտ է նաև ընկերության ճակատագիրը: Շուտով կլրանա երրորդ ամիսը, ինչ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցված է:
Օրենքով՝ կառավարությունը երեք ամսվա ընթացքում սեփականատերերի հետ պետք է բանակցի ու պայմանավորվի ընկերության վաճառքի պայմանների շուրջ: Եթե համաձայնության չգան, գործադիրը, Սահմանադրության համաձայն, այն կարող է ճանաչել հանրային գերակա շահ՝ Կարապետյաններին տրամադրելով համարժեք փոխհատուցում: