Մեկ մարդ զոհվել է այսօր գիշերը Ստեփանավանի երկհարկանի փայտաշեն շենքում բռնկված հրդեհի պատճառով, մյուսները տարհանվել են, «Ազատությանը» հայտնեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նշեց, որ բոլոր տուժածներն ապահովվել են առաջին անհրաժեշտ իրերով՝ ժամանակավոր կացարան, սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ:
Մահացածը 70-ամյա կին է:
Քիչ առաջ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել վեց քաղաքացի: Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: «Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հրդեհից փրկված բնակիչներից 88-ամյա Էմմա Թոթոլյանն «Ազատությանն» ասաց, որ հրդեհը տանիքից է սկսվել, ենթադրում են, որ հոսանքի լարերից: Պատմեց՝ ինչ դժվարությամբ է փախել տնից թոռան ու երկու դպրոցահասակ ծոռների հետ. - «Հարևաններն են դուռը թակել, մեզ արթնացրել, թե չէ երևի մենք էլ այրվեինք: Պժամաներով, չստերով հազիվ դուրս ենք եկել: Մենակ պլաշս ու ձեռնափայտս վերցրի: Ես էլ առաջին հարկում գլուխս պտտվեց, ընկա, երկու տղա են հազիվ դուրս հանել»:
Նախնական տվյալներով՝ փայտե շենքի 16 բնակարաններից 15-ը բնակեցված է եղել:
Քիչ առաջ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հանդիպել են տուժած բնակիչների հետ ու հավաստիացրել, որ նրանք կապահովվեն բնակարաններով: Այս պահին հաշվարկվում են վնասներն ու փոխհատուցման հնարավորությունները:
Տե՛ս նաև այստեղ