Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում կատուներին կերակրող Կարեն Ավանեսյանը՝ Բաքվի ներկայացրած «ահաբեկիչ»


Արցախ - Հայաթափված Ստեփանակերտը, արխիվ
Արցախ - Հայաթափված Ստեփանակերտը, արխիվ

Ստեփանակերտում անտեր ու անտուն մնացած կատուներին կերակրող Կարեն Ավանեսյանը ըստ Ադրբեջանի իրավապահների ահաբեկչություն է պլանավորել երեկ՝ ճիշտ այն օրն ու այն պահին, երբ նախագահ Ալիևը Ղարաբաղի համալսարանի կլինիկայի բացման հանդիսավոր արարողությանն էր եկել:

Ըստ Բաքվի ուժայինների՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանը Կալաշնիկովի ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու 5 նռնակներով փորձել է մոտենալ միջոցառման վայրին, բայց աչալուրջ ոստիկանները կանխել են նրան: Կարենը դիմադրել է, կրակ բացել, նռնակներ նետել, ըստ Բաքվի հաղորդագրության՝ իրավապահները պատասխան կրակ են բացել, Ավանեսյանը վիրավորվել է ու այժմ բժիշկների հսկողության տակ է՝ ձերբակալվածի կարգավիճակում: Սա է այն սյուժեն, որ ներկայացնում է Բաքուն:

Եվ կից մի տեսանյութ են հրապարակել, որում երևացող տղամարդը Ստեփանակերտի կենտրոնից, այսինքն՝ Ալիևի գտնվելու վայրից հեռու, քաղաքի արվարձանում ուսապարկով քայլում է: Ինչպես Բաքվի իրավապահներն են պնդում՝ զինված պրովոկացիա իրականացնելու:

Ո՞վ է Կարեն Ավանեսյանը: Արցախի հայաթափումից հետո այնտեղ ավելի քան մեկ տասնյակ հայ մնաց: Նրանց՝ այդ թվում Կարենի մասին պատմում է Սերգեյ Օգոլցովը՝ ստեփանակերտցի անգլերենի դասախոս, որ ադրբեջանական դարձած քաղաքում ապրեց ութ ամիս: Հետաքննող լրագրող Լինդսի Սնելին շուրջ մեկ տարի առաջ պատմում էր, որ Կարենը պայուսակներով կեր էր տանում սոված կատուներին. - «Ծիծաղում էին Կարենի վրա, նա քաղաքում քայլում էր երկու պայուսակներով, կերակրում էր կատուներին, տեսնում էին Կարենին՝ ծիծաղում»:

Որ տղամարդը Ստեփանակերտում կատուներին կերակրելով էր զբաղված, ավելի վաղ պատմել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցները, որ պարբերաբար այցելում էին Ստեփանակերտում մնացած փոքրաթիվ հայերին, նրանցից օրհնանքներ կորզում ադրբեջանական իշխանության մասին:

Կարենը նախորդ տարվա գարնանը տեղադրված տեսանյութում ադրբեջանցի լրագրողին ասում է՝ «ես ադրբեջանցի եմ», ընդ որում՝ «16 տարեկանից»: Նրան ճանաչող արցախցիներից լսեցինք նաև, որ տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի: Ի դեպ, ադրբեջանական դարձած Ստեփանակերտից Երևան տեղափոխված Օգոլցովը պատմում էր նաև՝ երբ Ստեփանակերտը Բաքվից բարձրաստիճանների էր հյուրընկալում, այնտեղ մնացած հայերին հավաքում էին մի տեղում, հսկողության տակ, իսկ քաղաքի տանիքներին բազմաթիվ դիպուկահարներ էին հայտնվում:

Եթե նույնիսկ միջադեպ է եղել, ո՞վ է հարձակվողը, հարցնում է իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը, ընդգծում ՝ Բաքվի ներկայացրածն ակնհայտ բեմադրություն է:

«Միգուցե խոշտանգումների է ենթարկվել, որը սպասելի է ադրբեջանական կողմից, բայց մյուս կողմից՝ նաև այդ տեսարանը հստակ պատճառ է լինելու, առիթ է լինելու ադրբեջանական իշխանությունների համար՝ հերթական հայատյացության նոր ալիք սկսելու ու իրենց հասարակությանը նորից հայերի դեմ ատելությամբ կերակրելու, սնելու, որը, բնականաբար, իրենց գլխավոր միջոցն է իշխանությունը պահելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Արցախ» միության նախագահը:

Հայ - ադրբեջանական խաղաղության հաստատման հովվերգության մթնոլորտում ինչո՞ւ է Բաքուն կատու կերակրող հոգեկան խնդրով մարդուց ահաբեկիչ կերտում: Ընդդիմադիրներից Սեյրան Օհանյանի տպավորությամբ՝ տեղեկատվական պատերազմն այդ երկրում կանգ չի առնում:

«Ներքին լսարանի համար ինքը ուզում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, և ձևավորում է հայի կերպար, որը որ իրենից դեռևս սպառնալիք է պարունակում, դեռևս նաև վտանգ է պարունակում», - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Խորհրդարանի ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, իր հերթին, հայտարարեց. - «Խորը, շատ խորը կասկածով եմ վերաբերվում ադրբեջանական ինֆորմացիային, շատ ավելի հակված եմ նրան, որ դա հերթական հակահայկականության և հայատյացության դրսևորումն է»:

Գուցե բռնությունը ոստիկաններից է սկսվել, Բաքվի ուժայինների հաղորդագրություններին չի վստահում Մամիջանյանը:

«Իմանալով, թե ինչպես, ինչ մակարդակում են Ադրբեջանում մարդու իրավունքները, այսինքն՝ զրոյական, ինչպես է գործում իրավապահ համակարգը Ադրբեջանում, այսինքն՝ վայրագ, թույլ տվեք բացարձակ չհիմնվել ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկություններին: Բացարձակ չի բացառվում, որ դա եղել է ուղղակի ոստիկանական բռնություն», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Իշխանությունից մեկնաբանություն, արձագանք չկա:

«Ստեփանակերտում տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ այս պահին», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

2023 թվականի աշնանը Արցախի հայաթափումից հետո շուրջ 15 հայեր մնացին Արցախում: Թիվը պաշտոնական չէ, Բաքուն մինչև այժմ ոչ մի տվյալ չի հաղորդել այնտեղ ապրող հայերի մասին: Ադրբեջանական դարձած Ստեփանակերտից սոցցանցերում երբեմն տեսանյութեր են տարածվում, որոնցում Արցախից տեղահանվածները ճանաչում են իրենց համաքաղաքացիներին: Միշա Գրիգորյանը, որ ադրբեջանցու տեսախցիկի առջև տարակուսում է, թե ինչու հեռացան հայերը. - «Եդ դառեք էկեք, մեր էս տները պահեք... »: Ֆրեդ Հայրապետյանը՝ միայնակ տղամարդ, որ սիրում էր ուղղակի քայլել Ստեփանակերտի փողոցներում և հիմա էլ նույնն է անում է՛լ ավելի կորացած մեջքով։ Ռիտա Ղազարյանը, որ շների կացարանում էր աշխատում ու մնաց իր 50 շան ու 10-ից ավելի կատուների հետ, 70-ամյա Լարիսա Ստեփանյանը՝ Հադրութից տեղահանված, որ որոշել է Ստեփանակերտում սպասել Տող գյուղ վերադառնալու օրվան։ Ամենատարեցը 80-ն անց մի պապիկ է, որի որդիները հեռացել էին՝ խոստանալով վերադառնալ ու հորն էլ տանել։ Նախորդ տարեվերջին այնտեղ մնացած հայերից Վերա Աղասյանը մահացավ, Հայաստանում ապրող նրա հարազատները պնդեցին, բայց մարմինն այդպես էլ չտեղափոխվեց:

Բաքուն այս մի խումբ տարբեր առողջական ու վարքային խնդիրներով հայերին ներգրավում է իր տարբեր գործերում, նրանք կա՛մ հարցազրույց են տալիս, կա՛մ Բաքվի դատարանում ցուցմունքներ Արցախի նախկին պաշտոնյաների դեմ: Հիմա էլ ահաբեկիչ է Կարեն Ավանեսյանը, ադրբեջանական դարձած քաղաքում «Կալաշնիկով»-ով քայլում է դեպի Իլհամ Ալիևը:

Ո՞ղջ է Կարեն Ավանեսյանը, թե՞ սպանվել է Ադրբեջանի ուժայինների կրակոցներից: Բաքուն պնդում է՝ նրան վնասազերծելիս, բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Վիրահատվել է, բուժկենտրոնում է, նրան հիվանդանոցային հագուստ են տվել ու կերակրում են՝ օրը երեք անգամ:



XS
SM
MD
LG