Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի իրերով, բիզնեսներ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին. լրագրող


Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, որը հայտնի է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանմամբ, աբսուրդ է համարում Բաքվի պնդումները, թե արցախահայերն իրենց կամքով են հեռացել Լեռնային Ղարաբաղից։

Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։
Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի առաջակը։

Ստորև ներկայացնում ենք հատված Լինդսի Սնելի հետ հարցազրույցից.

«Ազատություն» - Անցյալ տարի այս օրը Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ մի քանի օրում բռնի տեղահանելով հայերին։ Ինչպես կարձագանքեք Բաքվի պնդմանը, որ նրանք իրենց կամքով են հեռացել։

Լինդսի Սնել - Դա լրիվ աբսուրդ է։ Նախ, որովհետեւ Ադրբեջանը ռազմական հարձակում է գործել, ու նրանք հարձակվել են ոչ միայն ռազմական օբյեկտների վրա, իրականում նրանց գրոհների մեծ մասը հենց քաղաքացիական վայրերի դեմ էին ուղղված: Ես խոսել եմ, օրինակ, Մարտակերտից մի ընտանիքի հետ։ Մայրը ծանր վիրավորում էր ստացել ադրբեջանական հրետակոծությունից։ Ծանր վիրավորվել էր նաև նրա 13-ամյա որդին, նա տասնյակ վիրահատությունների կարիք ուներ, իսկ 16-ամյա որդին զոհվել էր ադրբեջանական գնդակոծությունից։ Այս մարդիկ փախչում էին՝ փրկելու իրենց կյանքը։ Զրուցել եմ շատ այլ արցախցիների հետ, որոնք պատմում էին, որ ադրբեջանցի զինվորներն իրենց ահաբեկել էին ճանապարհին, երբ նրանք փորձում էին հավաքել իրերն ու հեռանալ: Կարծում եմ՝ թեկուզ միայն այն իրերի, հատկապես արժեքավոր իրերի քանակը, որ մարդիկ ստիպված են եղել թողնել, որովհետև այդքան շատ էին ցանկանում դուրս գալ՝ իրենց կյանքը փրկելու համար, շատ պարզ է դարձնում, որ սա կամավոր տարհանում չէր:

«Ազատություն» - Այո՛, բայց մյուս կողմից ադրբեջանական հեռուստաալիքներն այդ օրերին Լաչինի միջանցքում նկարահանում էին հայերին, լրագրողները հարցեր էին տալիս։ Հիմա այդ պատասխանները ներկայացվում են որպես ապացույց, որ հայերը կամովին են գաղթել։

Լինդսի Սնել - Կարծում եմ, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները, որոնք այնտեղ էին, ուղղակի կապված են կառավարության հետ: Նրանց հետ զինվորներ են եղել, ադրբեջանցի ոստիկաններ։ Հայերը փախչում էին իրենց կյանքի համար, նրանք սարսափած էին։ Իհարկե, նրանք ամեն ինչ էլ կասեին, որը թույլ կտար նրանց ապահով դուրս գալ այնտեղից: Այնպես որ, չեմ կարծում, որ փախչող մարդկանց հետ այդ հարցազրույցները կարելի է այլ կերպ ընկալել, քան փրկվելու հույս:

«Ազատություն» - Լինդսի, Դուք այժմ էլ ակտիվ հետաքննում եք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Վերջին մեկ տարում շա՞տ է վնասվել հայերի նյութական ժառանգությունը։

Լինդսի Սնել - Անշուշտ։ Դա հիմնականում ամեն հայկական բանի վերացումն է: Ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն օր ցուցադրում են պատկերներ, տեսանյութեր Արցախից։ Բայց այն, ինչ նրանք ցույց չեն տալիս, և այն, ինչ մենք սկսել ենք տեսնել միայն հիմա, երբ քաղաքացիական անձինք սկսել են գնալ այնտեղ, և իրենք նկարել ու հրապարակել այդ կադրերը, այն է, որ, օրինակ, Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի տների իրերով: Բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին, որոնք դրանց իրենցով են արել: Կարծում եմ, որ դա պարզապես ամբողջական զտում է։

«Ազատություն» - Ուրեմն, որքա՞ն իրատեսական են հայերի վերադարձի մասին պնդումները։ Ես նկատի ունեմ Ադրբեջանի պայմաններով։

Լինդսի Սնել - Կարծում եմ, որ եթե նույնիսկ հայերն ունենային անվտանգության երաշխիք, որը ներկայումս որևէ ձևով գոյություն չունի, պետք է լինելու հարցնել, թե ինչո՞ւ են նրանք վերադառնում: Որովհետև, ինչպես արդեն ասացի, ամեն մի հայ տուն մաքրված է: Եվ այդ տներն արդեն իսկ նախատեսված են ադրբեջանցի վերաբնակիչների համար: Հայկական բիզնեսն այժմ տրվում է ադրբեջանցիներին։ Ինչո՞ւ կամ ո՞ւր են նրանք վերադառնում այդ դեպքում: Նույնիսկ բազմաբնակարան շենքերը վերածվում են համալսարանական հանրակացարանների՝ ադրբեջանցի ուսանողների համար։ Այնպես, որ եթե հայերը վերադառնալու անվտանգության երաշխիքներ ունենային, պարզ չէ, թե իրականում ինչու պիտի վերադառնային, քանի որ նրանց տներն ու բիզնեսները խլել են:

«Ազատություն» - Ադրբեջանական հասարակությունում կա՞ մի շրջանակ, որ խոսում է հայերի հետ խաղաղ համակեցության մասին։

Լինդսի Սնել - Դե, Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները պնդում են, որ ցանկանում են Հայաստանի հետ խաղաղ համակեցություն ունենալ։ Այս պահին դրանք պարզապես խոսքեր են: Դա են ցույց տալիս ադրբեջանական ագրեսիաների անցած չորս տարիները։ Բայց, ես կարծում եմ, որ խաղաղ համակեցություն և հավասարություն ցանկացող ադրբեջանցիների իրական շրջանակը հենց այն մարդիկ են, որոնց Ադրբեջանի իշխանությունն անխնա թիրախավորում և ձերբակալում է։ Ձերբակալվում են անթիվ լրագրողներ, որոնք ընկալվում են որպես եվրոպամետ կամ ամերիկամետ: Նրանք հենց այն ադրբեջանցիներն են, որոնք իրականում ցանկանում են խաղաղ համակեցություն, բայց համարվում են ադրբեջանական պետության թշնամիներ։

«Ազատություն» -Լինդի, Ձեզ հաջողվե՞լ է որևէ բան պարզել հայ գերիների մասին։

Լինդսի Սնել - Ադրբեջանցիները շատ լուռ են գերիների վիճակի մասին։ Նրանք նախապես հայտարարում էին, որ գերիների հետ հարցազրույցներ են արել, բայց դրանք չհրապարակվեցին, և հասկանալի չէ, թե ինչու: Նորություններ այնտեղից դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվում է տեսակցել բանտարկյալներին։ Բայց, այլ տեղեկություն չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG