Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրոպան բավականաչափ ուժեղ է և միասնական՝ իր ազատությունն ու ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար։
Քիր Սթարմերի հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ Politico-ին երեկ տված հարցազրույցից հետո, որտեղ Թրամփը պնդել էր, թե Եվրոպայի քաղաքական առաջնորդները թույլ են և չեն կարողանում հաղթահարել Ուկրաինայում պատերազմն ավարտելու խնդիրը:
«Եվրոպան միավորված է Ուկրաինայի և մեր վաղեմի ազատության ու ժողովրդավարության արժեքների շուրջ, և ես միշտ կպաշտպանեմ այդ ազատությունները», - ասել է Սթարմերը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր հերթին պնդել է, թե Բեռլինը ցանկանում է գործընկերական հարաբերություններ ունենալ Նահանգների հետ, բայց պատրաստ է նաև վերանայել Տրանսատլանտյան հարաբերությունները։
«Ես մնում եմ իմ համոզմունքին, որ Ամերիկան նույնպես պետք է շահագրգռված լինի աշխարհում գործընկերներ ունենալով»,-հայտարարել է Մերցը, հավելելով՝ «Մենք միաժամանակ պատրաստվում ենք այն իրողությանը, որ Տրանսատլանտյան հարաբերությունները կարող են փոխվել»: